Սեփական Bugatti՝ տնային պայմաններում․ ավտոսիրողը 3D տպիչով սուպերքարը հավաքել է իր ավտոտնակում

Կանադացի ավտոսիրողը տնային ավտոարտադրությունը նոր մակարդակի է հասցրել. նա անմիջապես իր ավտոտնակում տպել է սուպերքարի ամբողջ թափքը՝ Bugatti Divo-ի կրկնօրինակը, գրում է Motorious-ը։

Այս աշխատանքի համար նա օգտագործել է Ռուստեմ և Այդար եղբայրների տրամադրած թվային ֆայլերը, որոնք մասնագիտացած են ավտոմեքենաների 3D տպագրության նախագծերի գործում։ Թափքի յուրաքանչյուր մաս տպագրվել է առանձին, այնուհետև միացվել արդյունաբերական սոսնձով։ Կառույցին ամրություն հաղորդելու համար թափքն ամրացվել է ապակեպլաստով։

Սա թույլ է տվել պահպանել գծերի մանրամասնությունը, աերոդինամիկ կորությունները և տեսողական նմանությունը օրիգինալ Divo-ին, որի արժեքը միլիոնավոր դոլարներ է։

Նախագիծը ցույց է տալիս, որ 3D տպագրության տեխնոլոգիաներն ավելի ու ավելի մատչելի են դառնում և կարող են կիրառվել ոչ միայն մասերի, այլև ավտոմեքենաների թափքերի խոշոր հատվածների համար։ Շատ դետալներ, որոնք նախկինում պահանջում էին գործարանային սարքավորումներ և զգալի ծախսեր, այժմ հնարավոր է ստեղծել ավտոտնակում, եթե կան անհրաժեշտ սարքավորումներ, համբերություն և հմտություններ։

Նյութի հեղինակները նաև ընդգծում են, որ «KitCar» ալիքը, որտեղ ցուցադրվում են նմանատիպ կրկնօրինակներ (Mercedes 300SL Gullwing, Lamborghini Huracán և այլն), առաջարկում է հրահանգներ և քայլ առ քայլ ուղեցույցներ, որոնց շնորհիվ նման նախագծերն ավելի իրատեսական են դառնում նույնիսկ նրանց համար, ովքեր պրոֆեսիոնալ չեն։

Share This