Վարչապետը հստակորեն ասաց՝ Արաքս գետի հանդիպակաց ափը Թուրքիա է, ոչ թե Արեւմտյան Հայաստան. Բագրատ Էստուկյան
Aravot.am-ը Նիկոլ Փաշինյանի՝ պոլսահայության հետ հանդիպման վերաբերյալ մանրամասներ է փորձել պարզել Պոլսի «Ակօս» պարբերականի խմբագիր Բագրատ Էստուկյանից: Նրանից հարցրել ենք, թե ինչպիսին էր տպավորությունը հանդիպումից եւ ինչ հարցեր են հնչել Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ: «Ընդհանրապես հարցերը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բնականոնացման գործընթացի շուրջ էին: Վարչապետն էլ նախքան հարցումները ստանալը՝ բացատրություն տվեց այդ թեմայով, բայց դարձյալ հարցումներ հնչեցին:
Հանդիպմանը մոտավորապես 50 մարդ էր ներկա՝ համայնքային հաստատությունների վարիչներ էին, 8-10 լրագրողներ, Հայ կաթողիկե համայնքի հոգեւոր պետը եւ Հայ բողոքական համայնքի հոգեւոր պետը, իսկ Հայ առաքելական եկեղեցուց որեւէ հոգեւորական չկար, Հայ առաքելական եկեղեցու բացակայությունը զգալի էր: Վարչապետն ասաց, որ եթե իրենք չեն եկել, ես կգնամ իրենց մոտ: Բայց նրանք ամբողջ պատրիարքարանի շենքը փակել էին կարծես թե չհանդիպելու համար վարչապետի հետ: Ու դա շատ ամոթալի էր Թուրքիայի հայ համայնքի համար, հայ պատրիարքարանի համար, վարչապետի դեմ շատ անհարիր, մեղադրելի կեցվածք էր, ներկաներն էլ խափանեցին այդ կեցվածքը»,-ասաց Բագրատ Էստուկյանը: Aravot.am-ը «Ակօսի» խմբագրից հետաքրքրվեց՝ ի՞նչ ակնկալիքներ ունի Էրդողան-Փաշինյան հանդիպումից:
