Վրաստանի անցակետում ներկայում 17-ից ավել գինով և կոնյակով բեռնված մեքենաներ կան կանգնած. Բողոքի ակցիա Վրաստանի դեսպանատան դիմաց
«Տարբեր գործարաններից արտահանվող բեռները պահվում են Վրաստանի Գեյզի անցակետում անալիզի, բայց բոլորս գիտենք որ Վրաստանը համարվում է տարանցիկ երկիր, և դրա կարիքը չկա»,-Հայաստանում վրաստանի դեսպանատան դիմաց կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Պռոշյանի կոնյակի գործարանի» արտահանման մասնագետը Գայանե Պողոսյանը։
Նա ասաց, որ հնարավոր բոլոր ատյաններում իրենց ձայնը լսելի են դարձնում, դրա համար էլ բողոքի ակցիա են անում Հայաստանում Վրաստանի դեսպանատան դիմաց։
Պողոսյանը հայտնեց, որ ցանկանում են պարզաբանում ստանալ, թե ինչու են ՌԴ և Բելառուսի արտահանվող ալկոհոլային խմիչքներով բեռնված մեքենաները պահվում Վրաստանում՝ փաստելով որ ներկայում այնտեղ կա 17-ից ավել կանգնած մեքենա, որոնցից որոշներից անալիզներ են վերցվել, մյուսներից ոչ։
Նա նշեց, որ կան ընկերություններ, որոնք բեռները չեն ստուգում։
«Օրական մինչև 7 մեքենա էին արտահանում, ապա հիմա շաբաթական 2 մեքենա կարող են արտահանել»,-ասաց Պողոսյանը։
Ընկերության ներկայացուցիչը նաև հայտնեց, որ դիմել են նաև Էկոնոմիկայի նախարարության, բայց պատասխաններ չեն ստացել։
