Հոնկոնգում անցկացվող ընտրություններին ռեկորդային թվով մարդիկ են մասնակցում

Հոնկոնգում ռեկորդային թվով մարդիկ են մասնակցում տեղական խորհրդի ընտրություններին: Ինչպես հաղորդում է BBC News-ը, կեսօրին ընտրողների թիվն արդեն գերազանցել է 2015 թվականի ընտրություններում գրանցված վերջնական ցուցանիշը:

Այս ընտրությունները դիտարկվում են որպես աջակցության ստուգարք Հոնկոնգի քաղաքային կառավարության ղեկավար Քերի Լեմին: Հինգ ամիս տևած հակակառավարական ցույցերից հետո ժողովրդավարամետ ցուցարար խմբերը հույս ունեն, որ ընտրություններով կկարողանան ուղերձ հղել Չինաստանի կառավարությանը:

Նշվում է, ընտրություններին ընդառաջ և քվեարկության ընթացքում բախումներ և այլ միջադեպեր չեն գրանցվել:

Բազմամարդ հերթեր են ձևավորվել ընտրատեղամասերում. մարդիկ մտավախություն ունեն, որ ընտրությունները կարող են վաղաժամ դադարեցվել, եթե որևէ անկարգություն գրանցվի: Ընտրություններին մասնակցելու համար ռեկորդային 4.1 մլն մարդ է գրանցվել, որը կազմում է Հոնկոնգի 7.4 մլն բնակչության կեսից ավելին:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )