Ընթերցանությունը Հայաստանում դառնում է թրենդային
Գրքի երեւանյան երրորդ փառատոնին այս տարի մասնակցում են 37 հրատարակչություն, գրախանութ եւ կազմակերպություն։ Փառատոնի բացման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ այսօր՝ «ՀԲԸՄ Հայաստան» ցուցասրահում եւ դահլիճում: Այն կանցկացվի մինչեւ նոյեմբերի 24-ը։ ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Թուխիկյանն իր խոսքում նշեց, որ ընթերցանությունն այսօր Հայաստանում շատ թրենդային եւ մոդայիկ է դարձել, շատերն են կարդում եւ սպասում նոր հրատարակությունների։ Նա գրքի երեւանյան փառատոնին մաղթեց միջազգայնացում, որովհետեւ բոլոր նախադրյալները դրա համար Հայաստանն ունի։ «Ինձ համար գրող-հրատարակիչ այս շղթայի մեջ ամենակարեւորն ընթերցողն է, որովհետեւ մեծ բերկրանք է ընթերցանությունը։ Այս փառատոնում ինձ համար կա նաեւ մի գրավիչ հանգամանք եւս․ նոր արտահայտություններ են շրջանառության մեջ դրվում՝ «գրքախառնվել» եւ «գրքոտ աղջիկ»։ Այս բառախաղ-արտահայտությունները շատ սիրել եմ»,- ասաց փոխնախարարը։
