Չնայած առկա լարվածությանը՝ Թրամփը և Էրդողանը փորձելու են փոխզիջումների միջոցով պահպանել հարաբերությունների այս մակարդակը. թուրքագետ
Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների այս ժամանակաշրջանը կարելի է բնորոշել լարված, բայց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հարաբերությունները լավ են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Սոնա Սուքիասյանը` անդրադառնալով նոյեմբերի 13-ին Վաշինգտոնում կայանալիք Թրամփ-Էրդողան հանդիպմանը:
«Հարաբերություններում եղած լարվածությունը վաղուց է առաջացել ու պայմանավորված է ոչ միայն Թուրքիայի` Սիրիա ներխուժմամբ, այլև դրանից առաջ տեղի ունեցած տարբեր գործոններով, բայց ենթադրությունները, թե այժմ ավելի կսրվեն հարաբերությունները, և անգամ Թուրքիան ՆԱՏՕ-ից դուրս կգա, ինչպես պնդում են շատերը, իմ կարծիքով, հիմնավոր չեն»,- ասաց թուրքագետը:
Նրա խոսքով` երկար ժամանակ քննարկվում էր, որ Էրդողանը պետք է այցելի ԱՄՆ, և հանդիպման օրակարգային հարցերը վաղուց են որոշված եղել. Սիրիայում ընթացող գործընթացներ, երկու երկրների հարաբերություններ, առևտրային տարբեր ոլորտներում համագործակցություն, և, առհասարակ, տարածաշրջանային զարգացումներն Արևելքում: Ըստ Սուքիասյանի`այցին առնչվող ուշագրավ դեպքեր տեղի ունեցան, երբ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը:
«Թուրքական մամուլում շատ շրջանառվեց, որ, միգուցե, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի` Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո Էրդողանը չեղարկի ԱՄՆ այցը, բայց երկու երկրների ղեկավարներն օրեր առաջ հեռախոսազրույց ունեցան, որի ընթացքում երկու կողմերն էլ հաստատեցին` հանդիպումը կայանալու է»,- ասաց Սուքիասյանն` ընդգծելով, որ այցի չեղարկման հավանականությունը շատ քիչ էր:
Թուրքագետի խոսքով` ԱՄՆ-ն և Թուրքիան տարբեր ոլորտներում ունեն շատ կարևոր համագործակցություններ, Թուրքիան ՆԱՏՕ-ի հարավային թևն է պահպանում, և, ինչքան էլ հարաբերությունները լարված լինեն, միևնույն է, երկրների ղեկավարները փորձելու են բանակցությունների և փոխզիջումների միջոցով պահպանել հարաբերությունների մակարդակը, ինչպիսին այն կա: «Չեմ կարծում, որ դրանք կսրվեն այնքան, որ կլինի դիվանագիտական հարաբերությունների որոշակի դադարեցում»:
Անդրադառնալով ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման քննարկմանը` թուրքագետը նշեց, որ բարդ գործ է սպասվում հայկական համայնքի ու այն կառույցների ներկայացուցիչներին, որոնք զբաղվում են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու գործընթացով:
«Նրանք շատ մեծ աշխատանքներ են տարել, որ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հաջողվել է իրականացնել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը, բայց Սենատում շատ ավելի լուրջ խնդիրների կարող են բախվել, որովհետև այնտեղ սենատորներից մեկը կարող է պարզապես վետոյի իրավունք կիրառել, և բանաձևը չընդունվի: Դրան գումարվում է նաև այն, որ Սենատի անդամների մեծամասնությունը հանրապետականներ են, վերջիններիս առաջնորդը Դոնալդ Թրամփն է, իսկ Թրամփ-Էրդողան հարաբերությունները, կրկնում եմ, բավականին լավ մակարդակի վրա են»,- պարզաբանեց թուրքագետը` ընդգծելով նաև, որ, եթե անգամ Սենատն ընդունի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև, այն որևէ իրավական հիմք չի ունենա:
«Թե՛ Ներկայացուցիչների պալատում ընդունված բանաձևը, թե՛ այն փաստաթուղթը, որը քննարկվելու է Սենատում, ինչ-որ խորհրդատվական բնույթի տեքստեր են, որոնք որևէ իրավական հիմք չունեն, և, հետևաբար, նույնիսկ եթե Սենատում էլ ընդունվի նմանատիպ բանաձև, միևնույն է, դա որևէ կերպ չի պարտադրելու ԱՄՆ նախագահին` ճանաչել Հայոց ցեղասպանությունը, արտաբերել այդ տերմինն ու միջազգային հարթության վրա դնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը»,- ամփոփեց Սոնա Սուքիասյանը:
Ավելի ուշ`հոկտեմբերի 29-ին, ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումն, ըստ որոշ փորձագետների, պայմանավորված էր նաև ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների լարմամբ
