Արհեստական բանականության համակարգերը հավանաբար կկլանեն համացանցի ամբողջ անվճար գիտելիքներն արդեն 2026 թվականին
Արհեստական բանականության (AI) համակարգերը կարող են սպառել համացանցի ամբողջ անվճար գիտելիքներն արդեն 2026 թվականին, նախազգուշացնում են գիտնականներն իրենց նոր ուսումնասիրության մեջ:
Արհեստական բանականության մոդելները, մասնավորապես, GPT-4-ը, որի վրա հիմնված է ChatGPT-ն կամ Claude 3 Opus-ը՝ ավելի խելացի դառնալու համար ապավինում են առցանց փոխանակվող բազմաթիվ տրիլիոնավոր բառերին: Սակայն նոր կանխատեսումները վկայում են, որ 2026-2032 թվականներին արհեստական բանականության համակարգերը համացանցում կսպառեն հանրամատչելի տվյալները:
Սա նշանակում է, որ ավելի կատարյալ նմուշներ ստեղծելու համար տեխնոլոգիական ընկերությունները ստիպված կլինեն տվյալներն այլ տեղ որոնել։ Դա կարող է հանգեցնել սինթետիկ տվյալների ստեղծմանը, ավելի ցածրորակ աղբյուրների կամ, ինչն ավելի մտահոգիչ է՝ հաղորդագրություններն ու էլեկտրոնային փոստը պահպանող մասնավոր սերվերների տվյալների ապավինմանը։ Հետազոտողները հրապարակել են իրենց արդյունքները arXiv սերվերում:
Արդյունքները ցույց են տվել, որ վստահելի աղբյուրներից բարձրորակ տեղեկատվությունը ամբողջովին կսպառվի ոչ ուշ, քան մինչև 2032 թվականը, մինչդեռ ցածրորակ տեքստային տվյալները կսպառվեն 2030-2050 թվականների ընթացքում: Պատկերային տվյալները լիովին կսպառվեն 2030-ից մինչև 2060 թվականները:
Ապացուցվել է, որ նեյրոնային ցանցերը կանխատեսելիորեն բարելավվում են, քանի որ դրանց տվյալների հավաքածուն մեծանում է, մի երևույթ, որը կոչվում է նեյրոնային ծավալի ընդլայնման օրենք: Այսպիսով, հարց է ծագում՝ արդյոք ընկերություններն ի վիճակի կլինեն բարելավել իրենց մոդելների արդյունավետությունը՝ հաշվի առնելով թարմ տվյալների պակասը, թե՞ ծորակի անջատումը կհանգեցնի առաջընթացի դադարեցմանը:Սակայն, ըստ հետազոտության հեղինակ Պաբլո Վիլալոբոսի՝ քիչ հավանական է, որ տվյալների պակասն ապագայում արհեստական բանականության մոդելների զարգացումը կտրուկ արգելակի:
