Ֆրանսիայում հայտնաբերել են 5-6-րդ դդ. զոհաբերված ձիերի թաղման վայր
Հնագետները Ֆրանսիայում հայտնաբերել են հնագույն փոսեր ավելի քան երկու տասնյակ հովատակների մնացորդներով, որոնք կարող էին կազմել զոհաբերման ծեսի մի մասը, գրել է Live Science-ը։
1,2 հեկտար տարածք ունեցող պեղումնավայրը, որը գտնվում է կենտրոնական Ֆրանսիայի Վիլյե սյուր Ինդր կոմունայիցչ ոչ հեռու, պատկանում է հինգերորդ եւ վեցերորդ դարերին։ Այն ներառում է մի քանի շինություններ եւ խանդակներ, ինչպես նաեւ ինը փոսեր, նշվել է Ֆրանսիայի հնագիտական հետազոտությունների ազգային ինստիտուտի հայտարարությունում։
Ներկա պահին հնագետները պեղել են երկու փոս, որոնցում գտնվում են ընդհանուր առմամբ 28 ձիու մնացորդներ։
Հովատակները «խնամքով շարված» են աջ կողքի վրա, գլուխները՝ դեպի հարավ եւ «երկու շարքով ու երկու մակարդակներում», նշվել է հայտարարությունում։ Ելնելով այս դասավորությունից՝ հետազոտողները պարզել են, որ այս «արտառոց» գերեզմանում բոլոր ձիերը թաղվել են միաժամանակ։
