Կարելի՞ է արդյոք «ժառանգել» ճարպակալումը ծնողներից
Նոր հետազոտությունը, որն իրականացվել է Նորվեգիայում, լույս է սփռում «սերնդեսերունդ ճարպակալման փոխանցման», այսինքն՝այն հարցի վրա, թե ինչպես կարող է ճարպակալումը փոխանցվել ծնողներից երեխաներին, գրել է Medical News Today-ը։
Ճարպակալմանը նվիրված եվրոպական կոնգրեսում գիտնականները տեղեկացրել են, որ այն մարդկանց երեխաները, որոնք միջին տարիքում տառապել են ճարպակալմամբ, ավելի մեծ հավանականությամբ իրենք էլ կտառապեն ճարպակալմամբ նույն տարիքում։
Հետազոտողները նաեւ նշել են, որ հայտնաբերել են, որ ծնողների մարմնի զանգվածի ինդեքսի (ՄԶԻ) ցուցանիշները ազդում են նրանց երեխաների նույն ցուցանիշների վրա։
Հետազոտողներն իրենց ուսումնասիրությունը ներկայացնելիս հավաստիացրել են, որ միջին տարիքում ճարպակալում ունեցող ծնողների երեխաները 6 անգամ ավելի հաճախ են տառապում ճարպակալմամբ նույն տարիքում, այն ծնողների երեխաների համեմատ, որոնց քաշը ՄԶԻ առողջ դիապազոնի սահմաններում է գտնվել։
Գիտնականների խոսքով, եթե ճարպակալմամբ տառապել է ծնողներից միայն մեկը, միջին տարիքում նրանց երեխաների ճարպակալման հավանականությունը, միեւնույն է, 3 անգամ ավելի բարձր է եղել։
Հետազոտողները, սակայն, հայտնաբերել են ոչ մեծ տարբերություն այն դեպքում, երբ ճարպակալմամբ տառապել է ծնողներից մեկը՝ կախված ծնողի սեռից։ Եթե ճարպակալմամբ տառապել է հայրը, երեխաների ճապակալման հավանականությունը բարձր է եղել 3,74 անգամ։ Եթե մայրը՝ 3,44 անգամ։
Գիտնականները նաեւ ուղիղ հարաբերակցություն են գտել ծնողների եւ նրանց երեխաների ՄԶԻ-ի ցուցանիշների միջեւ։ ՄԶԻ-ն ճարպային նստվածքների ցուցանիշն է, որը հաշվարկվում է մարդու հասակի եւ քաշի հիման վրա։ Հետազոտությունը ցույց է տվել, որ 4 բալով մոր ՄԶԻ-ի յուրաքանչյուր ավելացման դեպքում նրանց երեխաների ՄԶԻ-ն ավելացել է 0,8 բալով։ Հոր կողմից՝ յուրաքանչյուր 3,1 բալի դեպքում նրանց երեխաների մոտ ավելացումը կազմել է 0,74 բալ։ 
