Սնոուդենը պատմել է, թե ինչպես է Ռուսաստանում <<թակարդում>> հայտնվել
Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը խոստովանել է, որ Ռուսաստանում լինելով` իր կյանքը չի թեթևանում, և որ ինքն իրեն թակարդում է զգում: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Ամերիկացի մեկնաբան Ջո Ռոգանին տված հարցազրույցում նա հիշեցրել է, որ ինքն ի սկզբանե մեկնում էր Լատինական Ամերիկա, սակայն ամերիկյան իշխանությունները չեղարկել են իր անձնագիրը, ինչի պատճառով նա ստիպված մնացել է Ռուսաստանում:
«Իմ կյանքը հեշտ չէ այն բանից, որ ես թակարդն եմ ընկել մի երկրում, որը ես չեմ ընտրել»,- ասել է Սնոուդենը:
Նա հավելել է, որ իր համար հեշտ չէ գտնվել և՛ ԱՄՆ-ի, և՛ Ռուսաստանի ընդդիմության դաշտում:
«Դա ինձ հաճույք չի պատճառում, բայց ես զգում եմ, որ դա անհրաժեշտ է: Ես ոչ մեկի հետ կապված չեմ, ես սեր չեմ տածում ռուսական իշխանությունների նկատմամբ: Ես չեմ ընտրել իմ այստեղ լինելը»,-ասել է նախկին գործակալը՝ նշելով, որ իր թվիթերյան էջում բացահայտ քննադատել է Ռուսաստանի ընտրություններն ու նախագահ Վլադիմիր Պուտինին:
Սնոուդենը չի բացառել, որ ինչ-որ պահի ռուսական իշխանությունները կարող են չերկարաձգել իր կեցության իրավունքը Ռուսաստանում, որը պետք է երկարաձգվի երեք տարին մեկ անգամ:
«Եթե ես ուզենայի անվտանգության մեջ լինել, մինչև հիմա էլ Հավայան կղզիներում նստած կլրտեսեի ձեզ բոլորիդ»,- հավելել է ամերիկացին:
2013 թվականի հունիսին Սնոուդենը The Washingtwn Post և The Guardian թերթերին էր փոխանցել ամերիկյան և բրիտանական հատուկ ծառայությունների կողմից համացանցում լրտեսման ծրագրերի մասին գաղտնի նյութերը: ԱՄՆ-ում այդ դեպքից հետո նրան մեղադրում են լրտեսության համար: Արդյունքում նա մեկնել է Հոնկոնգ, այնուհետև Մոսկվայի «Շերեմետևս» օդանավակայանի տարանցիկ գոտում մեկ ամսից ավելի է անցկացրել: Արդյունքում Ռուսաստանը նրան ժամանակավոր ապաստան է տվել՝ պայմանով, որ Սնոուդենը կդադարեցնի գործունեությունն ԱՄՆ-ի դեմ: Մեկ տարի անց նա կեցության իրավունք է ստացել, որը նրան իրավունք է տալիս ճանապարհորդել ոչ միայն Ռուսաստանում, այլև նրա սահմաններից դուրս: Վերջին անգամ Սնոուդենի կեցության իրավունքը երկարաձգել են 2017 թվականին՝ մինչև 2020 թվականը:
