Նրանք պատրաստվում են հավաքել բոլոր տվյալները և դրանով ներխուժում են անձնական նամակագրության գաղտնիության իրավունքի դաշտ. Շուշան Դոյդոյանը՝ ՀԾԿՀ նախագծի մասին (տեսանյութ)
Նրանք պատրաստվում են հավաքել բոլոր տվյալները, թե ում, երբ ենք էլեկտրոնային նամակ ուղարկում և սա ուղղիղ ներխուժում է մարդու անձնական նամակագրության գաղտնիության իրավունքի դաշտ: «Անվտանգության գոտի» հաղորդման շրջանակներում ի պատասխան հաղորդավար Արման Սաղաթելյանի հարցին ասել է Ինֆորմացիայի և ազատության կենտրոնի հիմնադիր տնօրեն Շուշան Դոյդոյանը՝ անդրադառնալով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախաձեռնած որոշման նախագծին, ըստ որի՝ բջջային կապի օպերատորներից՝ ինտերնետ պրովայդերներից կպահանջվի 2 տարով արխիվացնել օգտվողների ընթացիկ տվյալները. IP, IMEI, էլեկտրոնային փոստի տվյալները և այլ տվյալներ։
Շուշան Դոյդոյանն ընդգծել է, որ ՀԾԿՀ որոշման այս նախագծով իրենք պատրաստվում են հավաքել, պահպանել այս կամ այն ժամկետով այն բոլոր տվյալները, որոնք համարվում են մարդկանց անձնական տվյալներ: «Հետևաբար մենք ամբողջությամբ մտնում ենք անձնական տվյալների պաշտպանության օրենսդրության ոլորտ»,– ասել է:
Շուշան Դոյդոյանը հիշեցրել է, որ ըստ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի՝ անձնական տվյալի մշակումը, իսկ այս ամենը հենց անձնական տվյալի մշակում է համարվում, օրինական կարող է լինել հիմնական դեպքերում:
«Առաջին՝ եթե առկա է անձի համաձայնությունը իր անձնական տվյալները մշակելու, հավաքելու, տարածելու և այլ գործողություններ իրականացնելու համար, իսկ այս դեպքում որևէ մեկը համաձայնություն չի տա, որպեսզի ինտերնետում իր բոլոր գործողությունները դրվեն կոնկրետ վերահսկողության տակ:
Երկրորդ՝ եթե հանրամատչելի հասկացությունը սահմանվում է օրենքով, այսինքն՝ դրանք հանրամատչելի աղբյուրներում առկա տվյալներ են, մինչդեռ այս տվյալները հանրամատչելի չեն համարվում և երրորդ՝ եթե սահմանված է օրենքով, որտեղ հստակ նշվում է «անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքը, որը ցանկացած գործողություն մշակման անձնական տվյալների պետք է իրականացվի բացառապես օրենքի հիման վրա և ոչ թե ինչ-որ հանձնաժողովի, նախագահի կամ այլ կարգի ենթաօրենսդրական ակտի հիման վրա»,– ասել է նա:
Ըստ Շուշան Դոյդոյանի՝ այն, թե ինչ ակտով են նրանք փորձ անում կարգավորել այս ոլորտը, արդեն իսկ խիստ խնդրահարույց է։ «Եվ չեմ սխալվի, եթե ասեմ հակաօրինական է որովհետև մենք գործ ունենք սահմանադրական իրավունքի հետ, անձնական տվյալների պաշտպանության իրավունքի հետ, գործ ունենք միջազգային բազմաթիվ կոնվենցիաներով ամրագրված, մասնավորապես՝ Եվրախորհրդի 108 կոնվենցիայով ամրագրված շատ կարևոր իրավունքի հետ և այստեղ որևէ միջամտություն և որևէ վերահսկողության փորձ հղի է ամենատարբեր վտանգներով: Հատկապես պետք է այդ բոլոր գործընթացները կարգավորել բացառապես օրենքով: Նրանք պատրաստվում են հավաքել բոլոր տվյալները՝ թե ում, երբ ենք էլեկտրոնային նամակ ուղարկում և սա ուղիղ ներխուժում է մարդու անձնական նամակագրության գաղտնիության իրավունքի մեջ»,– ասել է Դոյդոյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
