Որոնք են ոտքերում ցավոտ զգացողությունների առաջացման հիմնական պատճառները
Ոտքերի ցավը ախտանշան է, որը, կախված տեսակից և ուղեկցող այլ ախտանշաններից, կարող է հուշել օրգանիզմում տեղի ունեցող տարբեր խանգարումների մասին: Ընդ որում՝ այդ խանգարումների շարքին են դասվում ինչպես անկարևոր խնդիրները, այնպես էլ շատ վտանգավոր հիվանդությունները, ուստի մասնագետները հորդորում են զգոն լինել և անպայման պարզել խնդրի պատճառը:
Ոտքերի ցավի հստակ պատճառը հնարավոր է պարզել միայն բուժզննման արդյունքում, քանի որ նման տհաճ ախտանշանի զարգացմանը նպաստող գործոնները կարող են լինել ինչպես վնասվածքները, այնպես էլ ոչ ակնհայտ խանգարումներն ու հիվանդությունները, որոնք կարող է ախտորոշել միայն մասնագետը:
Ոտքերի ցավի պատճառ հանդիսացող ամենատարածված խնդիրներն են.
Կրեպատուրան
Սա մկանային ցավերն են, որոք սովորաբար ի հայտ են գալիս գերծանրաբեռնվածության հետևանքով և մեղմվում են հանգստից հետո առանց որևէ միջամտության:
Կորտրվածքը
Ոսկրի կոտրվածքի դեպքում ցավն ի հայտ է գալիս շարժման ժամանակ և ուղեկցվում է այտուցով ու շարժումների կաշկանդվածությամբ:
Հոդերի վնասվածքները
Ցավի պատճառ կարող են դառնալ նաև ոտքերի հոդերի տարատեսակ վնասվածքները: Այս դեպքում ցավն ուղեկցվում է նաև շարժումների կաշկանդվածությամբ:
Ողնաշարի հետ կապված խնդիրները
Ոտքերի ցավը կարող է պայմանավորված լինել նաև ողնաշարի հետ կապված այնպիսի խնդիրներով, ինչպիսին են միջողային սկավառակի ճողվածքը, ողնուղեղային նյարդի գրգռումը ողերի վնասվածքների պատճառով, նստանյարդի բորբոքումը (իշիաս) և այլն: Այս խանգարումները հաճախ ուղեկցվում են այրող ցավով, ինչպես նաև թմրածությամբ կամ ծակծկոցով:
Խորանիստ երակների թրոմբոզը
Այս հիվանդության ախտանշանները հիշեցնում են մկանային ցավեր, սակայն այս դեպքում կարող են ի հայտ գալ նաև լարվածության ու ծանրության զգացողություն, ինչպես նաև մաշկի ջերմաստիճանի բարձրացում:
Թրոմբոֆլեբիտը
Թրոմբոֆլեբիտի դեպքում սովորաբար ախտահարվում է միայն մի ոտքը, իսկ ցավը ձգվում է ախտահարված երակի երկայնքով: Ցավն ի հայտ է գալիս կտրուկ, իսկ դրա հետ մեկտեղ նկատվում է նաև ոտքի լարվածություն, երակի կարծրություն, մաշկի կարմրածություն ու այդ հատվածի ջերմաստիճանի բարձրացում:
Ընդմիջվող կաղությունը (ծայրամասային զարկերակների հիվանդություն)
Այս դեպքում ցավը պայմանավորված է լինում արյան շրջանառության խանգարմամբ: Այն ի հայտ է գալիս քայլելու ժամանակ և մեղմվում է, երբ մարդը կանգ է առնում:
Երակների վարիկոզ լայնացումը
Այս հիվանդությանը բնորոշ ախտանշաններն են երակների ակնհայտ լայնանացումն ու ծանրության և լարվածության զգացողությունը (հատկապես՝ սրունքի հատվածում): Ընդ որում՝ ցավն ու տհաճ զգացողությունները սովորաբար անհետանում են պառկած ժամանակ:
Ջղաձգումները
Մկանային ջղաձգումները սովորաբար ի հայտ են գալիս գիշերվա ժամերին ու դրսևորվում կտրուկ ուժգին ցավով: Նման ջղաձգումները կարող են պայմանավորված լինել ինչպես հեղուկի ու մագնեզիումի դեֆիցիտով, այնպես էլ տարբեր հիվանդություններով, այդ թվում՝ լյարդի հիվանդություններով, էպիլեպսիայով և այլն:
Անհանգիստ ոտքերի համախտանիշը
Այս հիվանդության դեպքում ցավոտ զգացողություններ են առաջանում երկու ոտքում: Ընդ որում՝ առավել հաճախ խնդիրը սրվում է գիշերվա ժամերին, պառկած դիրքում կամ հանգստի ժամանակ:
Օստեոարթրիտը
Այս հիվանդությունը նույնպես կարող է դառնալ ոտքի ցավի պատճառ: Ծնկահոդի օստեոարթրիտի դեպքում հիվանդը բախվում է այսպես կոչված «ցավոտ սկզբի» խնդրին, որի դեպքում ցավոտ զգացողություններն ի հայտ են գալիս առավոտյան կամ երկարատև հանգստից հետո:
Նյութի աղբյուրը՝ medikforum.ru
