Սեւանից ջրառի վերին շեմ սահմանելու մասին նախագիծը ընդունվեց առաջին ընթերցմամբ

Այսօր ՀՀ ԱԺ-ն քառօրյայի հերթական նիստի ժամանակ առաջին ընթերցումով ընդունեց Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի հեղինակած օրենքի նախագիծը: Դրանով առաջարկում է Սևան լճից տարեկան սահմանված 170 մլն խոր. մետր ջրառից ավել ջրառի հնարավորությունը բացառել: Նախագծով փոփոխություն էր կատարվում «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում նշված սահմանաչափը որպես ջրառի վերին շեմ ամրագրելով։ Նախագիծն ընդունվեց 73 կողմ, 8 դեմ 37 ձեռնպահ ձայներով։ Այժմ համալիր ծրագրերը հաստատելու մասին օրենքով սահմանված է լճից 170 մլն խոր. մետր առավելագույն ջրառ: Սակայն 2012-ին Սևանա լճի մասին օրենքում փոփոխությունից հետո ամեն տարի գրեթե կառավարությունը դիմել է ԱԺ-ին՝ ավել ջրառ իրականացնելու առաջարկով, և օրենքով նախատեսվել է ավել ջրառ, մինչև 350 մլն խոր. մետր ջուր է վերցվել: Պատգամավորն առաջարկում է, որ 170 մլն խոր մետրը լինի վերին սահման, դրանից ավել ջրառ նաև կառավարության կողմից ջրառ կատարելու առաջարկ չներկայացվի ԱԺ-ին: Կարապետյանը շեշտել էր՝ Սևանա լիճը չեն կարող դիտարկել միայն որպես ջրի պաշար:«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը քվեարկությունից առաջ հայտնեց, որ իրենք նախագծին քվեարկելու են ազատ: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց՝ քանի որ արդեն հայտնել են իրենց մտահոգություններն առ այն, որ նախագիծը կարող է կրել զուտ սիմվոլիկ բնույթ, իրենք ձեռնպահ կքվեարկեն, եթե հետո իրենց մտահոգությունները փարատվեն, կքննարկեն կողմ քվեարկելու հարցը:
