Որևէ վտանգ չկա, ընդամենը տեխնիկական փոփոխություն է առաջարկվում. նախարարը՝ ինտերնետ օգտատերերի տվյալների վերահսկման որոշման մասին
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին անդրադարձավ ՀԾԿՀ-ի նախագծին, որով, ըստ փորձագետների, փորձ է արվում ծածուկ վերահսկել ինտերնետ օգտատերերի տվյալները:
Նա հարցրեց, թե ինչ նպատակի համար է դա արվում: «Մոտավորապես անվտանգության անվան տակ ամեն ինչ չի կարելի մտցնել»,- ասաց նա և նշեց, որ կառավարությունն ասում է, թե բարձր տեխնոլոգիաներն են մեր ապագան, մինչդեռ նման կարգավորում է բերում, որն ընդունված է մի շարք տոտալիտար երկրներում։ Ըստ պատգամավորի՝ նման օրենքի ընդունման դեպքում որոշ ՏՏ ընկերություններ հնարավոր է՝ հեռանան երկրից:
Հարցին պատասխանեց բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ նշելով, որ հարցը երկու մասից է բաղկացած՝ իրավաչափություն և անձնական տվյալների պաշտպանություն։
Անձնական տվյալների պաշտպանության մասով նախարարն ասաց, որ օրենքները հստակ կանոնակարգում են այդ մասերը և, ըստ էության, այստեղ իրավական առումով փոփոխություն չի լինում: «Ընդամենը տեխնիկական մասով է փոփոխություն առաջարկվում, որը պետք է քննարկվի և նոր հանգուցալուծման գանք»,- ասաց նա:
Նախարարը նշեց, որ այս պահին չկա ընդունված փոփոխություն: «Հարցը վերաբերում է տեխնիկական կանոնակարգին, այսինքն՝ արդյո՞ք որևէ տեղեկություն, որը, ըստ էության, էլի անցնում է այդ կապուղիները տրամադրող ընկերությունների մոտով և, ըստ էության, պաշտպանված է, արդյո՞ք այդ տվյալները պետք է պահպանվեն որոշակի ժամանակահատված»,-ասաց նա և նշեց, որ հանձնաժողովի շրջանառած փաստաթղթի անվտանգության նկատառումներով է պայմանավորված:
«Ուզում եմ ասել, որ այդտեղ վտանգ չկա, որ ընկերությունները կգնան, չնայած կուսումնասիրենք»,- ասաց նախարարը և հավելեց, թե այստեղ փոքր օպերատորների վրա հավելյալ բեռի ավելացման խնդիր կա ուղղակի: «Որովհետև 2 տարի այդպիսի տվյալներ պահպանելու համար համապատասխան սարքերով պետք է վերազինվեն, և փոքր համայնքներում այս պրովայդերները կարող են խնդիրներ ունենալ, որը մեր շահերից չի բխում, այս մասով նույնպես բարձրաձայնել ենք»,-ասաց նա:
Գևորգ Գորգիսյանն արձագանքեց, որ այս որոշումը հաստատ բերելու է ինտերնետի գնի բարձրացման և հասանելիության նվազման: Հակոբ Արշակյանը նշեց, որ նման ընթացակարգեր կան նաև զանգերի դեպքում, թե ով ում զանգեց և երբ:
«Զանգերի լոգերը գրանցվում են և ոչ մեկի համար գաղտնի չէ դա, և երբ որ դատարանի համապատասխան որոշում են ունենում գնում են ստուգում են, թե ում են զանգել, երբ, այսինքն՝ սա նմանատիպ խնդիր է լուծում: Բայց, հաշվի առնելով ինտերնետի հասանելիության և գնի հարցը, տվել ենք մեր կարծիքը, կմասնակցենք քննարկումներին, որպեսզի խուսափենք հետագա բարդացումներից»,-ասաց նախարարը:
