Երաժշտի մասին առանց նրա երաժշտության, կամ ինչու «Պրիսցիլա. Էլվիսը եւ ես» ֆիլմը կարելի է անհաջող համարել

Պրիսցիլա. Էլվիսը եւ ես»․ Սոֆյա Կոպոլայի նոր ֆիլմն է՝ նվիրված 60-ականների Ամերիկայի ամենաքննարկվող զույգին։ Սցենարի համար հիմք է հանդիսացել «Էլվիսը եւ ես» ինքնակենսագրական գիրքը, որը Պրիսցիլա Փրեսլին գրել է 1985 թվականին։

Ակնհայտ է, որ չպետք է ակնկալել, որ ֆիլմը լիովին համապատասխանում է Պրիսցիլայի գրքին. ֆիլմում կա կենսագրական ճշգրտություն, բայց հարցեր են առաջանում՝ կապված Էլվիսին մարմնավորող դերասանի մասնակցության ժամանակացույցի հետ: Թվում է, թե Պրիսցիլայի հիշողությունները կառուցված են Էլվիսի հետ նրա կյանքի վրա, սակայն նա ֆիլմում հայտնվում է հատվածաբար, ինչը թույլ չի տալիս կերպարի անհատականությունը լիովին բացահայտել։ Պատճառները շատ կարող էին լինել՝ նկարահանումների սկսվելուց առաջ ֆիլմի մի քանի հովանավորներ հրաժարվեցին մասնակցել դրան, ինչի պատճառով որոշ տեսարաններ չնկարահանվեցին։ Երեւի դրանցից շատերը Էլվիսի մասնակցությամբ էին։

Բացի այդ, Elvis Presley Enterprises-ը թույլ չի տվել ֆիլմի ռեժիսորին օգտագործել Էլվիս Փրեսլիի երգերը։ Դա, ի դեպ, զգալիորեն ազդել է ֆիլմի տպավորությունների վրա այն առումով, որ ֆիլմը նվիրված է մի երաժշտի, որի երգերը ֆիլմում չեն հնչում, ինչը չափազանց անլուրջ է եւ զգալիորեն նվազեցնում է ֆիլմի արժեքը։ Մի՞թե հնարավոր է ուսումնասիրել նկարչին առանց իր նկարների: Ականջակալներով օպերա լսու՞մ եք։ Ֆիլմի դեպքում Էլվիսի երգերի բացակայությունը ոչ միայն ռեժիսորի դժբախտությունն է, այլեւ նրա՝ ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը։ Վաղուց հայտնի փաստ է, որ Էլվիս Փրեսլին բեմում իրեն բացահայտում էր տարբեր կողմերով եւ վայելում երաժշտությունը: Այս ամենից հեռուստադիտողին զրկելը նշանակում է նրանց զրկել Էլվիսի ողջ անհատականության կեսից։ Չոր մնացորդների մեջ մենք տեսնում ենք միջակ տղամարդու, վատ ամուսնու, նարցիսիստի եւ բռնարարի, ով վատ է վերաբերվում իր կնոջը: Սա հենց սյուժեի հիմքն է՝ Պրիսցիլայի տառապանքը։ Ֆիլմում լեգենդար երաժիշտը ներկայացված է առանց իր տաղանդի, առանց այն ամենի, ինչը նրան դարձնում է լեգենդար եւ տարբերում սովորական տղամարդուց։

Այս առումով ֆիլմը ոչնչով չի տարբերվում ընտանեկան տարաձայնություններով լի ողբերգական մելոդրամայից։ Կերպարի դիմակի եւ հմայիչ Էլվիսի հանրաճանաչության հետեւում կանգնած էր նարցիսիստ բռնակալը, եւ ֆիլմը հիանալի կերպով ներկայացնում է Էլվիսի անձի այս կողմը զույգի սիրո պատմության համատեքստում, սակայն սա երգչի անհատականության միայն մի կողմն է, եւ հերոսի մյուս կողմերն անտեսելը անհնարին է դարձնում կերպարի բազմակողմանիությունը բացահայտելը, ինչը թույլ չի տալիս լրջորեն ընկալել ժապավենը:

Եթե խորը մտածենք, պատկերացնո՞ւմ եք միջազգային ռոքնռոլի աստղի, անցյալ դարի բոլոր կանանց երաժշտական ​​կուռքի եւ, միեւնույն ժամանակ, օրինակելի ընտանիքի տղամարդու։ Մարդը միշտ ձգտում է հավասարակշռության, բայց նման անիրական սպասելիքները չափազանց են նույնիսկ մոլորակի ամենամիամիտ մարդու համար։ Արդյոք դա նշանակում է, որ Էլվիսը լա՞վ ամուսին էր, իհարկե, ոչ, բայց արդյոք դա սպասելի՞ չէ: Պրիսցիլան ամուսնացած էր ոչ թե հարեւանի տղայի հետ, ով ազատ ժամանակ կիթառ է նվագում, այլ Էլվիս Փրեսլիի հետ: Սա գիտակցելը շատ օգտակար է եւ օգնում է հասկանալ, թե ինչու է ֆիլմը թույլ եւ չի արժանացել դիտողների հիացական արձագանքներին:

Եթե ​​ֆիլմը դասավորվեր որպես երկու սիրահարների ռոմանտիկ պատմություն՝ հիմնված Էլվիսի եւ Պրիսցիլայի հարաբերությունների վրա, ավելի քիչ սպասելիքներ կլինեին, բայց ֆիլմը նվիրված է Պրիսցիլային եւ նրա աշխարհահռչակ սիրելիին, ինչը պարտադրում է  որոշակի «սյուժետային ակնկալիքներ»:

Ժամանակակից կինոինդուստրիան հազվադեպ է հաշվի առնում հեռուստադիտողի կարծիքն ու ակնկալիքները, ինչը բավականին անխոհեմ է կինոյի ժանրում, որն այս դեպքում հավակնում է պատմական եւ կենսագրական հիմք ունենալ։

Վերցրեք երաժշտից կիթառը, եւ նա կդառնա սովորական մարդ՝ իր արատներով՝ դրամաների հազարավոր կերպարներից մեկը: Էլվիս Փրեսլիի կյանքի հիմնական մասը ֆիլմից հեռացնելը նշանակում է հեռացնել ամբողջ Էլվիս Փրեսլիին ֆիլմից՝ թողնելով անանուն եւ անդեմ հերոսի, որի համբավն ավարտվում է «Պրիսցիլա Փրեսլիի գրքի հիման վրա» տողով։

Share This