Կլուծարվի արդյու ՇՊՀ-ն

Կլուծարվի արդյո՞ք Շիրակի պետական համալսարանը եւ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն արդյո՞ք հետամուտ կլինի իր հայտարարության ի կատար ածմանը:
Նախարարը համալսարանը լուծարելու հայտարարությամբ հանդես էր եկել ԱԺ-ում հանձնաժողովների համատեղ նիստում 2018-ի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ: Հարությունյանը մասնավորապես ասել էր .« Շիրակի պետական համալսարանը գտնվում է շատ վատ վիճակում: Ոչ թե ֆինանսական, այլ՝ բարոյահոգեբանական: Այստեղ զրո ակադեմիզմ է, ըստ էության, որովհետեւ ձեւավորվել են փոքրիկ խմբակներ, որոնք առաջնորդվում են բացառապես իրենց շահերով: Ես ամենայն լրջությամբ եմ ասում՝ եթե իրավիճակը շարունակվի այսպես, մենք հարց կդնենք բուհի կա՛մ լուծարման, կա՛մ միավորումների, որի արդյունքում կձեւավորվի նոր խորհուրդ եւ հարցերն այդպես կլուծենք»:
Սրան ի պատասխան համալսարանի գիտխորհուրդը տարածել է հայտարարություն եւ նախարար Արայիկ Հարությունյանին կոչ են արել Շիրակի մարզը չտանել ծերացման:
«Հարգելի՛ պարոն նախարար, ՇՊՀ-ի վերաբերյալ Ձեզ ներկայացված տեղեկատվությունը կողմնակալ է և ընտրողական: ՇՊՀ-ն այսօր ապրում է իր բնականոն կյանքով: Այս տարի նշելու ենք մեր բուհի 85-ամյակը և այսուհետ ընդունելով ժամանակի մարտահրավերները՝ հաստատակամ կերպով Ձեզ հետ նշելու ենք նաև բուհի 90-ամյակը:
Ներկայացվող բարոյահոգեբանական լարված մթնոլորտը վատ ղեկավարման և իրականացվող նպատակադիր քաղաքականության հետևանք է, որին երկար ժամանակ չէինք ուզում հավատալ: Որոշ ուժերի հեռահար հավակնությունների և հուսահատ ճիգերի գործադրման արդյունքում բուհի ճակատագիրը զոհասեղանին դնելը Շիրակի մարզի և Գյումրի քաղաքի համար կունենա կործանարար հետևանքներ:
Ակնհայտ է, որ ՀՀ կրթական համակարգը կարոտ է բարեփոխումների, բայց նման վերաբերմունքն աշխատակիցների, սովորողների և 85-ամյա պատմություն ունեցող բուհի նկատմամբ պարզապես չի կարող նպաստել բուհի հետագա զարգացմանը:
Լիահույս ենք Ձեր պետական մտածողության և կամքի դրսևորմանը. բուհի դերակատարությունը մեծ է մարզի զարգացման գործում և նախարարության ջանքերով ևս կարժևորվի այն՝ Շիրակի մարզը չտանելով ծերացման»,-ասված է ՇՊՀ Գիտական խորհրդի տարածած հայտարարությունում:
