Լոլիտան լաց է եղել Իվլեեւայի «մերկ» երեկույթի պատճառով համերգների չեղարկման համար

Ռուսական էստրադայի երգչուհի Լոլիտա Միլյավսկայան խոստովանել է, որ իր մասնակցությամբ միջոցառումների չեղարկումից հետո լաց է եղել։ Այս մասին նա ասել է MSK1.ru Telegram ալիքի հետ զրույցում։ Հիշեցնենք, որ երգչուհին ներկա էր եղել հաղորդավարուհի եւ բլոգեր Անաստասիա Իվլեեւայի «մերկ» երեկույթին։

Երգչուհին խոստովանել է, որ իր համերգների խափանման մասին իմացել է կազմակերպիչներից։

«Հիմա լացում եմ, էլ ի՞նչ ասեմ։ Մեծ թվով իրադարձություններ պետք է լինեին։ Բայց ոչինչ, հուսով եմ, որ մենք կկարողանանք հաղթահարել այս շրջանը: Կազմակերպիչներն ասում են, որ շատ միջոցառումներ չեն կայանա»,-ասել է Լոլիտան։

Սկանդալային երեկույթը տեղի է ունեցել դեկտեմբերի 21-ի գիշերը՝ մոսկովյան «Մութաբոր» ակումբում։ Միջոցառման դրես կոդը պահանջում էր նվազագույն հագուստ: Երեկույթին մասնակցել են արտիստներ Ֆիլիպ Կիրկորովը, Լոլիտա Միլյավսկայան, Դիմա Բիլանը, հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակը եւ շոու բիզնեսի այլ աստղեր։

Հավելենք, որ Ֆիլիպ Կիրկորովը հրապարակավ ներողություն է խնդրել ռուսներից՝ Անաստասիա Իվլեեւայի խնջույքին մասնակցելու համար։ Նա նշել է, որ, իր կարծիքով, արդարացումներ անելը «տղամարդկային չէ», բայց յուրաքանչյուր մարդու կյանքում կան սխալներ։ Երգիչը պատմել է, որ հենց հասկացել է, թե ինչ է կատարվում, հեռացել է ակումբից։ Ներողություն է խնդրել նաեւ երգիչ Դիմա Բիլանը։

Ավելի վաղ, ռուսաստանաբնակ հայտնի հայ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը նշել էր, որ չեղարկել է Սոբչակի հետ իր հարցազրույցը վերջինի՝ Իվլեեւայի «մերկ» երեկույթին մասնակցելու պատճառով։

«Փետրվարին ես պետք է հարցազրույց ունենայի Սոբչակի հետ, բայց այս երեկույթից հետո խնդրեցի չեղարկել այն։ Ես չեմ ուզում այդ շրջապատում լինել: Ես չեմ հավատում, որ ամենաթողությունը ազատության եւ երջանկության մի մասն է: Ես ձանձրալի մարդ եմ եւ ցանկանում եմ արժանապատվորեն մեծանալ ու ծերանալ՝ չնեղացնելով ռազմաճակատի զինվորներին, նրանց մայրերին եւ, ընդհանրապես, հանդիսատեսի հսկայական զանգվածին իմ անհեթեթ արարքներով»,-ինստագրամյան իր էջում գրել էր ռեժիսորը։

Share This