Ամերիկացին միայնակ շուրջերկրյա ճանապարհորդություն է կատարել իր նավակով
Սան Ֆրանցիսկոյի բնակիչ Ռենդալ Ռիվզը հոկտեմբերի 19-ին ավարտել է իր շուրջերկրյա ճանապարհորդությունը, որն իրականացրել է միայնակ:
Ինչպես փոխանցում է CNN-ը, ճանապարհորդը մեկ օրացույցային տարվա ընթացքում շրջանցել է ամերիկյան և անտարկտիկյան մայրցամաքները և մոտեցել է Հյուսիսային և Հարավային բևեռներին՝ իր անցած ծովային երթուղով ութաձև հետագիծ պատկերելով:
Ռիվզը պնդում է, որ նա առաջինն է աշխարհում, ով միայնակ է կատարել այս բարդ ուղևորությունը: Ռեկորդը պաշտոնապես չի գրանցվել, սակայն Նավաստիների միջազգային միությունը 57-ամյա ճանապարհորդին պատվավոր տարբերանշան է նվիրել:
Կալիֆոռնիայում իր տնից դուրս գալով 2018-ի սեպտեմբերի 30-ին՝ Ռիվզը 2019-ի հոկտեմբերի 19-ին ափ է իջել իր առագաստանավից: Իր համար նախատեսած ողջ ուտելիքը, որը ներառում էր 365 շոկոլադե սալիկ, 77 կգ սուրճ, 79 կգ չոր կաթ և 84 տուփ պահածոյացված լոլիկ, ինչպես նաև ջուր, տղամարդը մեկ տարի պահել է հենց նավում:
