ՍԴ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՆԴԵՊ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԸ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱՆՋԱՏՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ՈՏՆԱՀԱՐՈՒՄ Է

ՍԴ նախագահի հանդեպ քաղաքական հետապնդումները իշխանությունների տարանջատման սկզբունքի ոտնահարում է

ԱԺ նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երբեք  մեզանում «ուժն է ծնում իրավունքը» կործանարար սկազբունքը  այս աստիճանի լեգալացված չի եղել:

Մարդկության պատմության  ամբողջ ընթացքում  պետության  զարգացման   փուլերի կամ քաղաքական ռեժիմների  առանձնահատկությունները  ուսումանսիրելիս պատմաբաններին  և քաղաքագետներին   հավերժ  հետաքրքրող  գլխավոր  հարցը   եղել է՝ ի՞նչն է հանդիսանում այս կամ այն  պետական կազմավորման  առանցքային սկզբունքը: Այլ կերպ ասած, ո՞րն է այն   առանցքային գաղափարը, որը բնորոշ է տվյալ քաղաքական ռեժիմին:

Մոնթեսկիոն  տալով յուրաքանչյուր քաղաքական ռեժիմին՝ միապետությանը, բռնապետությանը կամ  հանրապետությանը   բնորոշ գլխավոր գաղափարը, անմիջապես ավելացնում է, որ պետությունները   քայքայվում կամ կործանվում են  բոլոր այն դեպքերում, երբ նրա   առանցքային գաղափարը կամ չարաշահվում է կամ մոռացության է մատնվում:

Ի դեպ մարդկությունը իր  պատմության  ողջ  ընթցքում    ականատես է եղել նշված պատճառով նույնիսկ ամենաազդեցիկ պետությունների կործանման  բազմաթիվ դեպքերի:

Այս համատեքստում և հատկապես  ի նկատի ունենալով այն հակասական իրավիճակը, որը տիրում է մեզանում այսօր,  բոլորովին ավելորդ  չէ  անդրադառնալ  Անկախ Հայաստանի հանրային կյանքի  առանցքային գաղափարի իրականացման խնդրին:

Սահմանադրությամբ սահմանված է, որ  Հայաստանի Հանրապետությունը  իրավական, ժողովրդավարական  և սոցիալական պետություն է: Այսինքն մեզանում հանրային կյանքի կազմակերպման առանցքային գաղափարը՝ ժողովրդավարությունն է:

Այս արձանագրումն աներկբա ենթադրում է (և այն սահմանված է մեր Սահմանադրությամբ), որ   մեզանում քաղաքացու  իրավունքների  պաշտապանությունը երաշխավորվում է   իրավունքի  գերակայության  և իշխանությունների տարանջատման և հակակշռման սկազբունքների հիման վրա:

Ուստի բնական հարց է առաջանում՝ որքանո՞վ  են այսօր  մեր իրականության մեջ ապահովվում վերը նշված սկզբունքները  կամ, որ նույն է,  որքանո՞վ  այսօր մեզանում իշխանությունների կողմից   հանրային կյանքի  կազմակերպումը  կարող է  բնութագրվել որպես ժողովրդավարության միջազգայնորեն ընդունված  արժեքների և ընթացակարգերի    ապահովմանը միտված   գործունեություն:

Պետք չէ առանձնապես  խորաթափանց լինել  փաստելու համար, որ սահմանադրական դատարանի և մասնավորապես նրա նախագահի հանդեպ իշխանությունների քաղաքական հետապնդումները, ինչպիսի  հիմնավորմամբ և գործիքակազմով  էլ դրանք իրականացվեն,   ոչ այլ ինչ են, քան  դատական իշխանությունը  գործադիրի   քաղաքական ազդեցության  տակ վերցնելու  անթաքույց  դրսևորում և ուղղակի հանդիսանում են իշխանությունների տարանջատման և հակակշռման սկզբունքի ոտնահարում:

Հետևաբար, առանց սխալվելու հավանականության կարող ենք արձանագրել, որ այսօր Հայաստանում, շուրջ 30 տարվա անկախությունից հետո,  ոչ թե մոռացության է մատնված կամ չարաշահված է  հանրային կանքի  առանցքային գաղափարը՝ ժողովրդավարությունը, այլ  այն հայտնվել է  իսպառ  ոչնչացման վտանգի տակ:

Եվ միայն Սահմանադրական  դատարանի որոշ դատավորների մասնագիտական սկզբունքայնության  և  Սահմանադրական դատարանի դատավորի  հանրային բացառիկ առաքելության գիտակցման շնորհիվ է   դեռևս  հաջողվում կասեցնել մեզանում ժողովրդավարության գահավիժումը: Անշուշտ,  ժամանակը դեռ կտա այդ դատավորների քաղաքացիական խիզախության իրական գնահատականը:

Ստիպված ենք ցավով արձանագրել, որ անկախության տարիների ողջ ընթացքում երբեք  ‹‹ուժն է ծնում իրավունքը›› կործանարար սկազբունքը հանրային կյանքում և շփումներում   այս աստիճանի լեգալացված չի եղել: Եվ  ամենատարակուսելին  այն է, որ այդ երևույթի հեղինակը՝ Սահմանադրության երաշխավորը հանդիսացող իշխանությունն է:

Այդ ամենի արդյունքում մենք հայտնվել ենք  պետության իրավական կարկասի կազմաքանդման և մեր անկախ պետականության անվերականգնելի կորուստների  մարտահրավերին դիմագրավեելու անհրաժեշտության   առջև:

Համոզված եմ, որ մեր հասարակությունը ունակ է բռնել պատմության այդ քննությունը»։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )