ԱԺ նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երբեք մեզանում «ուժն է ծնում իրավունքը» կործանարար սկազբունքը այս աստիճանի լեգալացված չի եղել:
Մարդկության պատմության ամբողջ ընթացքում պետության զարգացման փուլերի կամ քաղաքական ռեժիմների առանձնահատկությունները ուսումանսիրելիս պատմաբաններին և քաղաքագետներին հավերժ հետաքրքրող գլխավոր հարցը եղել է՝ ի՞նչն է հանդիսանում այս կամ այն պետական կազմավորման առանցքային սկզբունքը: Այլ կերպ ասած, ո՞րն է այն առանցքային գաղափարը, որը բնորոշ է տվյալ քաղաքական ռեժիմին:
Մոնթեսկիոն տալով յուրաքանչյուր քաղաքական ռեժիմին՝ միապետությանը, բռնապետությանը կամ հանրապետությանը բնորոշ գլխավոր գաղափարը, անմիջապես ավելացնում է, որ պետությունները քայքայվում կամ կործանվում են բոլոր այն դեպքերում, երբ նրա առանցքային գաղափարը կամ չարաշահվում է կամ մոռացության է մատնվում:
Ի դեպ մարդկությունը իր պատմության ողջ ընթցքում ականատես է եղել նշված պատճառով նույնիսկ ամենաազդեցիկ պետությունների կործանման բազմաթիվ դեպքերի:
Այս համատեքստում և հատկապես ի նկատի ունենալով այն հակասական իրավիճակը, որը տիրում է մեզանում այսօր, բոլորովին ավելորդ չէ անդրադառնալ Անկախ Հայաստանի հանրային կյանքի առանցքային գաղափարի իրականացման խնդրին:
Սահմանադրությամբ սահմանված է, որ Հայաստանի Հանրապետությունը իրավական, ժողովրդավարական և սոցիալական պետություն է: Այսինքն մեզանում հանրային կյանքի կազմակերպման առանցքային գաղափարը՝ ժողովրդավարությունն է:
Այս արձանագրումն աներկբա ենթադրում է (և այն սահմանված է մեր Սահմանադրությամբ), որ մեզանում քաղաքացու իրավունքների պաշտապանությունը երաշխավորվում է իրավունքի գերակայության և իշխանությունների տարանջատման և հակակշռման սկազբունքների հիման վրա:
Ուստի բնական հարց է առաջանում՝ որքանո՞վ են այսօր մեր իրականության մեջ ապահովվում վերը նշված սկզբունքները կամ, որ նույն է, որքանո՞վ այսօր մեզանում իշխանությունների կողմից հանրային կյանքի կազմակերպումը կարող է բնութագրվել որպես ժողովրդավարության միջազգայնորեն ընդունված արժեքների և ընթացակարգերի ապահովմանը միտված գործունեություն:
Պետք չէ առանձնապես խորաթափանց լինել փաստելու համար, որ սահմանադրական դատարանի և մասնավորապես նրա նախագահի հանդեպ իշխանությունների քաղաքական հետապնդումները, ինչպիսի հիմնավորմամբ և գործիքակազմով էլ դրանք իրականացվեն, ոչ այլ ինչ են, քան դատական իշխանությունը գործադիրի քաղաքական ազդեցության տակ վերցնելու անթաքույց դրսևորում և ուղղակի հանդիսանում են իշխանությունների տարանջատման և հակակշռման սկզբունքի ոտնահարում:
Հետևաբար, առանց սխալվելու հավանականության կարող ենք արձանագրել, որ այսօր Հայաստանում, շուրջ 30 տարվա անկախությունից հետո, ոչ թե մոռացության է մատնված կամ չարաշահված է հանրային կանքի առանցքային գաղափարը՝ ժողովրդավարությունը, այլ այն հայտնվել է իսպառ ոչնչացման վտանգի տակ:
Եվ միայն Սահմանադրական դատարանի որոշ դատավորների մասնագիտական սկզբունքայնության և Սահմանադրական դատարանի դատավորի հանրային բացառիկ առաքելության գիտակցման շնորհիվ է դեռևս հաջողվում կասեցնել մեզանում ժողովրդավարության գահավիժումը: Անշուշտ, ժամանակը դեռ կտա այդ դատավորների քաղաքացիական խիզախության իրական գնահատականը:
Ստիպված ենք ցավով արձանագրել, որ անկախության տարիների ողջ ընթացքում երբեք ‹‹ուժն է ծնում իրավունքը›› կործանարար սկազբունքը հանրային կյանքում և շփումներում այս աստիճանի լեգալացված չի եղել: Եվ ամենատարակուսելին այն է, որ այդ երևույթի հեղինակը՝ Սահմանադրության երաշխավորը հանդիսացող իշխանությունն է:
Այդ ամենի արդյունքում մենք հայտնվել ենք պետության իրավական կարկասի կազմաքանդման և մեր անկախ պետականության անվերականգնելի կորուստների մարտահրավերին դիմագրավեելու անհրաժեշտության առջև:
Համոզված եմ, որ մեր հասարակությունը ունակ է բռնել պատմության այդ քննությունը»։

