ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Լրացավ 1988թ.-ի աղետալի երկրաշարժի 35-րդ տարելիցը։ 35 տարի չամոքվող ու չսպիացող վերք, հիշողություններ ու դրվագներ, որոնք մշտապես մեզ հետ են, մեր մտքում ու աչքի առաջ։

Երբեմնի մեր հզոր քաղաքը վայրկյանների ու րոպեների ընթացքում վերածվեց ավերակների, հազարավոր բնակիչներ մնացին անտուն, մանուկներ որբացան, այդ օրը մեր բոլորի կյանքը բաժանվեց երկու մասի. դեկտեմբերի 7-ից առաջ և հետո։

Ծանրագույն այդ օրերին ուժ գտնելն ու կրկին վեր հառնելը անհավանական էր թվում, բայց
գյումրեցին բացառիկ կամքի տեր է և այդ կամքի ու անկոտրում ոգու շնորհիվ կարողացավ հաղթահարել և դեռ հաղթահարում է բազում դժվարություններ, առաջ շարժվում, նորը կերտում։

1988թ.-ի ավերիչ երկրաշարժի տարելիցի օրը, գլուխ խոնարհելով անմեղ զոհերի հիշատակին, ուզում եմ իմ երախտիքի խոսքը հղել բոլոր նրանց, ովքեր ամենածանր օրերին ձեռք մեկնեցին մեզ, ովքեր չկոտրվեցին, չգնացին քաղաքից, մնացին հարազատ քաղաքում, պայքարեցին Գյումրու վերակառուցման համար։
Գյումրին այսօր աշխարհին այլ տեսքով է ներկայանում, օրեցօր զարգանում և հզորանում։ Չնայած զարգացման տեսանելի արդյունքների՝ Գյումրին դեռ շատ չլուծված խնդիրներ ու չսպիացած վերքեր ունի։

Սիրելի՛ գյումրեցիներ, ևս մեկ անգամ իմ խոնարհումն եմ բերում երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին, մաղթում բոլորիս քաջառողջություն, լավատեսություն և ոգու ամրություն:

Share This