Բարձր յուղայնությամբ սննդամթերքի տեսակներ, որոնք շատ օգտակար են ավելորդ քաշի դեմ պայքարում
Ավելորդ քաշից ազատվելու համար մարդիկ առաջին հերթին վերանայում են իրենց սննդակարգը՝ բացառելով բարձր յուղայնությամբ մթերքը, որը սովորաբար ասոցացվում է միայն քաշի ավելացման հետ, սակայն քչերին է հայտնի, որ բարձր յուղայնությամբ սննդամթերքի որոշ տեսակներ կարող են շատ օգտակար լինել նիհարել ցանկացողների համար, քանի որ կօգնեն հեշտությամբ հագեցնել քաղցն ու խուսափել ավելորդ մթերքի գործածությունից։
«Օգտակար ճարպերն օգնում են օրգանիզմին կարգավորել քաղցի հորմոններն ու ճնշել բարձր կալորիականությամբ մթերք ուտելու ցանկությունը», – նշել են մասնագետները Times of India պարբերականի հետ զրույցում՝ հավելելով, որ յուղոտ մթերքի մեջ պարունակվող օգտակար միկրոտարրերը, վիտամիններն ու հանքանյութերը շատ ավելի լավ են յուրացվում, ուստի սննդակարգում դրանք ներառելը շատ օգտակար է։
Սննդաբանները ներկայացրել են բարձր յուղայնություն ունեցող մի քանի մթերք, որոնք սննդակարգում ներառելը կօգնի հեշտությամբ ազատվել ավելորդ քաշից։
Ավոկադո
Ավոկադոն պարունակում է մեծ քանակությամբ մոնոչհագեցած ճարպաթթուներ, սակայն այն միևնույն ժամանակ հարուստ է նաև մանրաթելերով ու սպիտակուցներով։ Նման յուրահատուկ բաղադրության շնորհիվ այս միրգը հագեցնում է քաղցը և օգնում է խուսափել ավելորդ մթերքի գործածությունից։
Հավկիթ
Հավկիթի դեղնուցը նույնպես հարուստ է նիհարել ցանկացողների համար օգտակար մոնոչհագեցած ճարպերով։ Ավելին` ձվի դեղնուցը պարունակում է նաև սպիտակուցներ։ Ընդ որում` դեղնուցի մեջ անգամ ավելի շատ սպիտակուց է պարունակվում, քան դրա սպիտակ հատվածի մեջ։
Մուգ շոկոլադ
Մուգ շոկոլադը պարունակում է կակաոյի յուղ, որն օգնում է ճնշել ախորժակը, իսկ մյուս բաղադրիչները (մանրաթելեր, երկաթ, մագնեզիում, մանգան) խթանում են մետաբոլիկ ակտիվությունը, ինչի շնորհիվ ճարպերն ավելի արագ են այրվում։
Կոկոսյան ընկույզի յուղ
Lipids պարբերականի հրապարակած տվյալների համաձայն` կոկոսյան ընկույզի յուղի գործածությունը նպաստում է որովայնի հատվածում ճարպերի մակարդակի նվազմանը։
Յուղոտ ձկնատեսակներ
Յուղոտ ձկնատեսակների, որոնց շարքին են դասվում սաղմոնները, սարդինաները, տառեխը և սկումբրիան, հագեցնում են օրգանիզմն օմեգա-3 ճարպաթթուներով ու սպիտակուցներով, ինչը դրական ազդեցություն է ունենում նյութափոխանակության վրա և ճնշում է ախորժակը։
