<<Հայաստանի Հանրապետություն>> օրաթերթ. Թուրքիան տոնայնությունը փոխելով՝ մտադրությունից չի հրաժարվում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Թուրքիան տոնայնությունը փոխելով՝ 
մտադրությունից չի հրաժարվում

 11:10, 19 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Համաշխարհային քննադատող արձագանքները եւ ՄԱԿ-ի ու գերտերությունների հետզհետե ուժգնացող զգուշացումները կարծես թե զսպող ազդեցություն են թողել, եւ պաշտոնական Անկարան փոխել է իր հայտարարությունների տոնայնությունը, Սիրիայի տարածքով առաջ գնալու մտադրությունը: Իհարկե, սա չի նշանակում, թե նահանջի դեպքում Թուրքիան վերջնականապես կհրաժարվի իր նորօսմանական եւ նորհամաթուրքական ծրագրերից:

Պուտինի մի քիչ մեղմ զգուշացմանը, թե այլ երկրների ներկայությունից պիտի ազատվի Սիրիան, հետեւեց Թրամփի շատ կոշտ հայտարարությունը: «Վաշինգտոնը ուշադիր հետեւում է Անկարայի ռազմական գործողություններին Սիրիայում եւ պատրաստ է կոշտ հարվածել Թուրքիային, եթե Էրդողանը կանոններով չխաղա»,- ասել է ԱՄՆ նախագահը: Ավելին, նա նամակ է ուղարկել Թուրքիայի նախագահին. «Պատմությունը բարեհաճ կվերաբերվի Ձեզ, եթե Դուք ամեն ինչ ճիշտ ու մարդասիրաբար անեք։ Բայց Դուք ընդմիշտ կմնաք սատանա, եթե լավ բաներ տեղի չունենան: Ուժեղ տղա մի եղեք։ Հիմար մի եղեք: Ես ձեզ ավելի ուշ կզանգահարեմ»:

Իսկ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը կարծում էր, որ ամեն ինչ տանում է նրան, որ Թուրքիան կդադարեցնի ռազմական գործողությունները Սիրիայում: Նա  Թուրքիայի նախագահի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել Սիրիայում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին: Բայց Թուրքիան ռազմական գործողությունները կդադարեցնի 120 ժամով: Թուրքիան, իհարկե, չպահպանեց նույնիսկ այդ 120 ժամի խոստումը, եւ երեկվա դրությամբ թուրքական զինուժը նոր փորձեր է արել Սիրիայի տարածքում առաջանալու նպատակով: Սա գալիս է պնդելու մեր այն հավաստումը, որ Թուրքիան տոնայնությունը կարծես թե փոխել է, բայց մտադրությունը՝ ոչ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )