Գիշերը Ազատության պողոտայում ծեծի ենթարկված ոստիկանը գլխի վնասվածք է ստացել, վիճակը բավարար է. ԲԿ
Հոկտեմբերի լույս 16-ի գիշերը’ ժամը 04․30-ի սահմաններում Արաբկիրում գրանցված միջադեպի հետևանքով մեկ ոստիկան մահացել է, մեկ ոստիկան ենթարկվել է ծեծի:
Ծեծի ենթարկված ոստիկանի առողջական վիճակը բավարար է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը.«Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 5:00-ին ՝ոստիկանության ծառայող Ա. Հակոբյանը վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Նա գլխի շրջանում պատռվածք ունի, փափուկ հյուսվածքների սալջարդ, գլխուղեղի ցնցում է ստացել: Բժիշկների գնահատմամբ՝ վիճակը բավարար է»:
Հիշեցնենք, որ այսօր ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացրած կարգախմբերից մեկի ոստիկանները «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։
Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք դիմադրել են։ Այդ ընթացքում նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակել նրանցից մեկի վրա, ինչպես նաև ատրճանակի բռնակով հարվածել մյուս ոստիկանին։ Վերջիններս դեպքի վայրից դիմել են փախուստի։ Ստացած հրազենային վնասվածքի հետևանքով՝ Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել է։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։
