Բողոքի ակցիաներ Կատալոնիայում. տուժել է ավելի քան 70 մարդ, կա 25 ձերբակալված (լուսանկարներ, տեսանյութ)
Հոկտեմբերի 15-ին Կատալոնիայի ինքնավար շրջանում Իսպանիայի գերագույն դատարանի կողմից կատալոնացի քաղաքական գործիչների նկատմամբ հրապարակած դատավճռի դեմ բողոքի ակցիաների ընթացքում տուժել է առնվազն 74 մարդ, գրում է El Pais թերթը:
Նշվում է, որ ամբողջ օրվա ընթացքում ինքնավար շրջանում ցույցեր են անցկացվել, որոնց մասնակիցները փակել են ճանապարհները: Երեկոյան բազմաթիվ քաղաքներում ցույցեր են տեղի ունեցել Իսպանիայի կառավարության ներկայացուցչությունների դիմաց:
Հաղորդվում է, որ ակցիաների կազմակերպիչներն են Կատալոնիայի ազգային ասամբլեան և Omnimum Cultural կազմակերպությունը, որոնք հանդես են գալիս թագավորության կազմից ինքնավար շրջանի դուրս գալու օգտին: Բարսելոնայում հանրահավաքին միացել է մոտ 40 հազար մարդ:
Թերթը հաղորդում է, որ բողոքի ակցիայի մասնակիցների մի մասը սկսել է ագրեսիվ վարքագիծ դրսևորել կարգուկանոն ապահովող ոստիկանների նկատմամբ: Իրավապահները հետ են մղել ցուցարարներին՝ կիրառելով մահակներ:
Ակցիայի մասնակիցները փորձել են բարիկադներ կառուցել Բարսելոնայի կենտրոնում, այրել աղբամանները, կոտրել ցուցափեղկերը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ իրավապահներն ուժ են կիրառել նաև Իսպանիայի մյուս շրջաններում բողոքի ցույցերի մասնակիցների նկատմամբ:
Կատալոնիայում ձերբակալվել է 25 մարդ, 3-ը՝ Բարսելոնայում:
Հիշեցնենք, որ կատալոնացի քաղաքական գործիչները, որոնք կապված էին 2017 թվականին Կատալոնիայի ինքնավար շրջանում անկախության հանրաքվե կազմակերպելու հետ, դատապարտվել են մինչև 13 տարվա ազատազրկման: Իսպանիայի գերագույն դատարանն այս որոշումը հրապարակել էր հոկտեմբերի 14-ին:
2017 թվականի հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անց էր կացվել անկախության հարցով հանրաքվե, որը չէր ճանաչվել Իսպանիայի կողմից, Սահմանադրության 155-րդ հոդվածով սահմանափակվել էին Կատալոնիայի ինքնիշխանության իրավունքները: Այդ իրադարձություններից հետո մի շարք կատալոնացի քաղաքական գործիչներ ձերբակալվել էին, մի մասն էլ փախել էր Իսպանիայից, այդ թվում՝ Կատալոնական ինքնավարության նախկին ղեկավար Կառլոս Պուչդեմոնը: Նա ներկայում ապաստանել է Բելգիայի Թագավորությունում:







