Թավշյա թալան․ ինչպես «հույժ գաղտնի» միլիոններ ծախսվեցին Փաշինյանի կառավարական առանձնատան վրա, և ինչպես 2 տարում «ջրվեց» կոռուպցիոն սկանդալը

Դեռ 2019 թվականի սեպտեմբերին, երբ նոր էր բոլորել Նիկոլ Փաշինյանի վարչապետության 1,5 տարին, AntiFake.am–ը տեղեկություն ստացավ, որ ՀՀ կառավարությունը պետական բյուջեից շուրջ 2 միլիոն դոլար է հատկացրել Կոնդի առանձնատների տնտեսությունում գտնվող Նիկոլ Փաշինյանին և նրա ընտանիքին սպասարկող կառավարական առանձնատան մասնաշենքը հիմնանորոգելու, վերանորոգելու և կահավորելու համար։

Աղբյուրի փոխանցմամբ՝ առանձնատունը հիմնանորոգելու համար ՀՀ պետական բյուջեից վերաբաշխում կատարելու և գումար հատկացնելու որոշման նախագիծը եղել է «հույժ գաղտնի» որակմամբ՝ հերթական սկանդալից զերծ մնալու համար, քանի որ բավականին մեծ գումար է հատկացվել` շուրջ 2 միլիոն դոլար։

Տեղեկությունը ստանալուց հետո մենք ուսումնասիրել էինք բաց աղբյուրները և պարզել, որ Կառավարությունը «հույժ գաղտնի» պայմաններում առանձնատունը հիմնանորոգելու համար ՀՀ պետական բյուջեից վերաբաշխում կատարելու և գումար հատկացնելու որոշում էր կայացրել։

Հրապարակային էր տվյալ որոշման միայն «1-ին» կետը, որով սահմանված էր, որ կառավարությունը ՀՀ պետական բյուջեի մասին օրենքում վերաբաշխում է կատարել՝ պետական սեփականություն հանդիսացող մի շարք տարածքների կահավորման, գրասենյակային, կենցաղային և տեխնիկական սարքավորումների ձեռք բերման, ինչպես նաև հարակից տարածքի հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների համար: Այս աշխատանքների կատարման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացվել է 291.687.400 դրամ (մոտ 615.000 դոլար):

Իսկ նախագծի մյուս՝ «2-րդ», «3-րդ», «4-րդ», «5-րդ» կետերը դրոշմագրված են որպես «հույժ գաղտնի»։

1

Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի համար 2 միլիոն դոլարով կառավարական առանձնատան հիմնանորոգումը մնաց «հույժ գաղտնի»

Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի նոր կառավարական առանձատան հիմնանորոգման համար պետական բյուջեից դուրս գրված շուրջ 2 միլիոն դոլարի մասին տեղեկությունները ճշտելու համար AntiFake.am-ը 2019թ․ սեպտեմբերի 26-ին հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Մենք խնդրել էինք տեղեկություն տրամադրել այն մասին, թե որքան գումար է հատկացվել ՀՀ պետական բյուջեից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասարկող ծառայողական առանձնատունը հիմնանորոգելու/վերանորոգելու և կահավորելու համար:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից մեզ պատասխանել էին, որ «Կոնդի առանձնատների տնտեսություն ՊՈԱԿ-ում` որպես տնտեսություն, մշտապես առկա են շինարարական, վերանորոգման և բարեկարգման խնդիրներ: Պայմանավորված ընթացիկ վերանորոգման անհրաժեշտությամբ` 2019թ. վերանորոգման աշխատանքներ են իրականացվել ոչ միայն մեկ առանձնատանը, այլ նաև նման աշխատանքներ իրականացվել և իրականացվում են ՊՈԱԿ-ի այլ առանձնատներում, ինչպես նաև բարեկարգման մասնագետների համար նախատեսված կացարանում և կաթսայատանը: Բացի դա, իրականացվել է նաև առանձնատների կահավորման և ՊՈԱԿ-ի տարածքի բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ»: Պատասխանում նշված էր, որ բոլոր աշխատանքները իրականացվում են ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ, որը կրում է «հույժ գաղտնի» դրոշմագիրը:

Մեր հարցումը` ծառայողական առանձնատների վերանորոգման համար հատկացված գումարի չափի տրամադրման մասին, ՊՈԱԿ-ը մերժել էր` հղում կատարելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ի կետին, այն է` տեղեկատվությունը տնօրինողը մերժում է տեղեկատվության տրամադրումը, եթե դա պարունակում է պետական, ծառայողական, բանկային և առևտրային գաղտնիք:

AntiFake.am-ը ևս մեկ հարցում էր արել` ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Խնդրել էինք տեղեկություն տրամադրել այն մասին, թե որն է կառավարության քննարկվող որոշումը «հույժ գաղտնի» դրոշմագրելու հիմքը:

Մեզ ուղարկված պատասխանում հայտնել էին, որ մեր կողմից պահանջվող տեղեկատվությունը պարունակում է գաղտնիություն, որը հիմնավորվում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով, ուստի մեզ չեն կարող ամբողջական տեղեկատվություն տրամադրել:

 

Պաշտոնավարման ողջ ընթացքում իր շռայլությունները գաղտնի պահելու համար Նիկոլ Փաշինյանը թաքնվում է այն օրենքի պաշտպանության տակ, որի ընդունմանը դեմ էր քվեարկել 2014 և 2016 թվականներին:

«Գնումների մասին» ՀՀ օրենքը ընդունվել է 2016թ.-ին: Մինչ այդ, Կառավարությունը 2013թ. վերջին խորհրդարան էր ներկայացրել «Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ մտցնելու մասին նախագիծ, որն ընդունվել էր առաջին ընթերցմամբ, սակայն հետ էր կանչվել:

Նախագծով նախատեսվում էր «Գնումների մասին» ՀՀ 2010թ․ դեկտեմբերի 22-ի ՀՕ – 206 – Ն օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը «ապահովման» բառից հետո լրացնել «, «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասով սահմանված հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց կեցության, սննդի եւ տրանսպորտային սպասարկման, այդ թվում` տրանսպորտի տեխնիկական սպասարկման եւ նորոգման, արարողակարգային ծախսերի, այդ թվում` պաշտոնական պատվիրակությունների ընդունելությունների նպատակով միջոցառումների սպասարկման» բառերով, այլ կերպ ասած՝ վերը թվարկվածի համար նախատեսել գաղտնիություն։

Առաջին ընթերցմամբ ընդունման քվեարկության ժամանակ խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները, այդ թվում` Հայ ազգային կոնգրեսի անդամ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դեմ էին քվեարկել օրենքի նախագծի ընդունմանը: Իսկ արդեն 2016թ. օրենքի նախագծի ընդունման ժամանակ քվեարկած 101 պատգամավորներից դեմ են քվեարկել ընդամենը 2-ը` Նիկոլ Փաշինյանը և Տիգրան Ուրիխանյանը:

Հետաքրքիր է, որ պաշտոնավարման ողջ ընթացքում իր շռայլությունները գաղտնի պահելու համար Նիկոլ Փաշինյանը թաքնվում է այն օրենքի պաշտպանության տակ, որի ընդունմանը դեմ էր քվեարկել 2014 և 2016 թվականներին: Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը ընդգրկվեց հատուկ պաշտպանության ենթակա անձանց ցանկում, «Գնումների մասին» օրենքը նրա համար ընդունելի դարձավ:

2019թ․ մայիսին Կառավարության նիստում արդեն վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը քննադատեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքում փոփոխություններ մտցնելու նախագիծը, որով առաջարկվել էր գաղտնազերծել պաշտոնատար անձանց արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման, ներառյալ՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և նորոգման ոլորտում հատուկ տեխնիկական և ծրագրային, ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները և ծառայությունները: Նիկոլ Փաշինյանը կարծում էր, որ տեղեկատվության թափանցիկությունը կվնասի պետական անվտանգությանը։ «Այսինքն՝ առաջարկվում է պաշտոնատար անձանց գրաֆիկները նախապես ինտերնետում դնել, «մարշրուտները» գծել, գրել, թե ինչ զենքերով են զինված անվտանգության ծառայողները, քանի անվտանգության ծառայող է ուղեկցում, նրանցից ով է ամենալավը կրակում, ով է ամենավատը կրակում, և կից խորհրդատվություն տալ, թե ո՞նց է ավելի հարմար տեռորիստական ակտ իրականացնել տվյալ պետական բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ», – հեգնել էր Փաշինյանը

Share This