ԱՆԱԴԵԿՎԱՏ ՈՒ ԱՆԿԻՐԹ «ԲԱՐԵԳՈՐԾԻ», ԿԱՄ՝ ԵՐԿՈՒ ՀԻՍՏԵՐԻԿԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Հայկական հեռուստասերիալներից մոռացված մի դերասանուհի, ում կենսագրության մեջ գեթ մեկ տող չգտանք իր կրթության մասին, սեպտեմբերի 19-ին սանձազերծված պատերազմից հետո հայտարարեց, որ որոշել է լծվել արցախահայերին օգնելու գործին։ Եւ մենք՝ կարծելով, թե նրա մղումներն ազնիվ են եւ ցանկությունն անկեղծ, որոշեցինք անդրադառնալ նրան՝ գնահատել նրա արածն ու․․․ինչպես ասում են՝ կրակն ընկանք։

Մի քանի անգամ անդրադարձանք նրա արածին, հարցազրույց արեցինք ու փառաբանեցինք, թե՝ տեսեք, մարդը կամավորական ջոկատ է կազմել, մարդկանց կոչ է անում սնունդ, դեղորայք և հիգիենայի պարագաներ ուղարկել իրեն, որ  արցախցիներին բաժանի եւ այլն։ Հետո դժգոհություններ ստացանք՝ մեր հրապարակումներին ի պատասխան, թե՝ այդ օգնությունն ավելի շատ փիառ է, լուսանկարվելու եւ ինքնահաստատվելու միջոց, բայց ուշադրություն չդարձրեցինք՝ մտածելով, թե մարդիկ սովորաբար ձվի մեջ մազ են փնտրում: Թեեւ փաստ է, որ այն բարեգործությունը, որի մասին անվերջ բարձրաձայնում են՝ վերածվում է գովազդի:

Բայց պարզվեց՝ տիկինն ավելի լուրջ խնդիրներ ունի, քան իր կամ այլոց փիառն է։ Պարզապես՝ մեր բախտը չի բերել, հանդիպել ենք անադեկվատ եւ անհավասարակշիռ մեկին, ով փորձում է հիմա էլ «Հրապարակ» օրաթերթին պիտակավորելով՝ ինքնահաստատվել։

Առաջին անգամ «Հրապարակն» Անաիս Սարդարյանին անդրադարձել է, հոկտեմբերի 10-ին, երբ նա մեզ հետ զրույցում հայտարարել էր, թե «Մաշտոց» հյուրանոցը մերժել է արցախցիներն գումարի դիմաց սենյակներ տրամադրել: Հրապարակում արեցինք՝ զրուցելով հյուրանոցի աշխատակազմի հետ։ Իսկ երեկ, տեսնելով դերասանուհու հերթական տեսանյութը, որում նա վրդովված պատմում է, թե ինչպես է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը իրենց կամավորներին վիրավորել, կապվեցինք նրա հետ՝ հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել, ինչ միջադեպի մասին է խոսքը։ Նա մեզ հետ զրույցում կրկնեց իր լայվում ասածները, որ Արայիկ Հարությունյանը անցնելով իր կամավորական ջոկատի կողքով՝ հեգնել է, թե «Իբր բարեգործություն են անում»։ Պատմեց նաեւ, որ Ռուսաստանից 4 բեռնատար է օգնություն ուղարկվել Հայաստան, սակայն ոստիկանությունը դրանք տարել է իր պահեստը և չի թողնում ջոկատին սնունդ հասցնել:

Այս խոսակցությունը ձայնագրված է, ձայնագրությունը պահպանված է խմբագրությունում։
Հրապարակումից մոտ 30 րոպե անց Անաիս Սարդարյանը զանգահարում է մեզ և խուլիգանական ոճով՝ սպառնում, որ եթե հրապարակումը չհեռացնենք կայքից, ինքը լայվ է մտնելու և մեզ անվանի թուրք: Իսկ մեզ մոտ անխախտ սկզբունք կա՝ որևէ հրապարակում կայքից չի հեռացվում, կարող ենք հետգրությամբ կամ նոր հրապարակմամբ պարզաբանել, անգամ հրապարակել որեւէ անձի, կազմակերպության հերքումը, սակայն հրապարակումները, որպես կանոն, չեն հեռացվում։ Դա անհարգալից վերաբերմունք է այն ընթերցողի հանդեպ, ով արդեն կարդացել է հրապարակումը։ Մանավանդ այս պարագայում, հրապարակվել է բացառապես զրուցակցի խոսքը, մենք հավատարիմ ենք մնացել ձայնագրությանը եւ նա ոչ թե խոստովանում է իր սխալը, այլ հրամայում է հեռացնել հրապարակումը։

Այս խոսակցությունից րոպեներ անց սերիալային դերասանուհին համացանցը ողողում է գռեհկաբանություններով, վիրավորանքներով՝ մեր հասցեին եւ դա անում փողոցային լեքսիկոնով։

Թերեւս այս պահվածքից ոգեւորվելով «հերքման» տեքստ տարածեց նաեւ մեկ այլ անհավասարակշիռ անձ՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար կոչեցյալը, ով ոչ թե վայ-դերասանուհու սխալ կամ սուտ մեղադրանքներն է հերքում, այլ «Հրապարակի» հոդվածը, որտեղ մեր անունից որեւէ պնդում բացարձակապես չկա։

Եւ վերջին շտրիխը․ վարչապետին պատկանող «Հայկական ժամանակի» կայքում տեղադրվում են այս դերասանուհի կոչվածի խոսքերը՝  «Դուք թուրք եք․ Անաիս Սարդարյանը՝ «Հրապարակ» օրաթերթին» վերտառությամբ, որտեղ այս կինն ասում է․ «Նախ ես հարցազրույց չեմ տվել, զանգել, ասել եմ, որ սխալվել եմ, այդպես չի եղել իրավիճակը, ինձ հետո բացատրել են, ես դա սթորիում հրապարակել եմ: Եթե դուք «Հրապարակ» օրաթերթ միայն Նիկոլի, կամ ուրիշի վրա ցեխ շպրտելու համար եք աշխատում, ուրեմն դուք հայրենասեր չեք, դուք թուրք եք, էդքան բան»։

Հավանաբար, այս կինը չի հասկանում, թե որն է հարցազրույցը, լրագրողը զանգել է՝ հարցեր է տվել, ինքը պատասխանել է, հրապարակել ենք։ Մեզ չի զանգել ասել՝ «սխալվել եմ, ինձ բացատրել են, հասկացել եմ՝ խնդրում եմ՝ ուղղեք»։ Կարգադրել է՝ հրապարակումը հեռացնել, չենք հեռացրել, նախ որովհետեւ ոչ մեկի կարգադրությունները չենք կատարում, երկրորդ՝ գուցե նրա վրա ճնշում է գործադրվել։ Եւ երրորդ՝ մենք չգիտեինք, որ Արայիկ Հարությունյանի մասին ինչ-որ մեկի ասածը հրապարակելը նշանակում է «Նիկոլի վրա ցեխ շպրտել»։

Բայց մեր կողքին հոգեկան շեղում ունեցող, բանսարկու եւ մանիպուլյատոր շատ մարդիկ կան՝ կարող են ցանկացած իրավիճակ իրենց ձեռնտու ձեւով ներկայացնել եւ Արայիկ Հարությունյանին էլ հավանաբար դուր է գալիս Փաշինյանի հետ նույնանալը, իսկ մեր գործընկեր լրագրողներն ինչո՞ւ են ոգեւորվել՝ դա է հետաքրքիր։ Սեփականատիրոջ հրահա՞նգն են կատարել։

 

Share This