Վայոց Ձորից՝ Լոռվա անտառներ,ի՞նչ «ճակատագիր» է սպասվում խնդրահարույց արջերին
Արջերի ներխուժումը բնակավայրեր հաճախակի են դարձել։ Հատակապես՝ Վայոց Ձորի մարզում այս տարի ահազանգերը շատ են։ Արջերի սիրելի սեզոնը աշունն է, երբ այգիներում բերքն առատ է։ Ավելի հաճախ նրանք իջնում են գյուղերը պաշարելու հենց այս շրջանում։ Թեև արջերի կողմից կենդանիներին հոշոտելու դեպքերը ևս քիչ չեն։ Panorama.am-ի հետ զրույցում WWF Հայաստանի մասնաճյուղի ղեկավար Կարեն Մանվելյանը նշեց, որ խնդիրն առավել սուր է Եղեգիսի կիրճին մոտ բնակավայրերում։ Նրա խոսքով, կենդանիները մոտենում են բնակավայրերին՝ հիմնականում սննդի փնտրտուքով, ծեռերն են ջարդում, բերքից օգտվում և նյութական այլ վնասներ հասցնում։ Մանվելյանի դիտարկմամբ, դեպքերն ավելացել են մի քանի գործոններով պայմանավորված։
«Վերջին տասը տարվա ընթացքում կենդանիների պահպանությունը բարելավել է։ Չեն սպանում կենդանիներին, նախկինում անօրինական ձևով սպանում էին։ Սա ևս նպաստել է կենդանիների քանական ավելացմանը։ Հաջորդը՝ կլիմայի փոխփոխությունն է և Եղեգիս գետի վրա կառուցված ՀԷԿ-երը։ Բանը նրանում է, որ գետից օգտվում էին նաև արջերը, ձուկ էին որսում։ Այն պրոտեին է, որը հարկավոր է արջերին։ Հիմա այնտեղ ձուկ չի մնացել։ Գետը գրեթե ամբողջությամբ խողովակների մեջ է։ Արջը, եթե բնության մեջ չի գտնում սնունդը, գալիս է բնակավայրեր։ Մենք ենք իրեն ստիպել ՝մարդիկ, կենդանին մեղք չունի»,- ասաց մեր զրուցակիցը։
Ոլորտում երկար տարիների փորձ ունեցող մասնագետը համոզված է, որ պետք է փոխվի նաև մարդկանց վերաբերմունքը կենդանիների նկատմամբ՝ համապատասխան կրթության անհրաժեշտություն կա։
«Օրինակ՝ շատերը չգիտեն, որ վայրի կենդանիներին չի կարելի կերակրել։ Գյուղում հատուկ տեղ էին պատրաստել՝ արջին կերակրելու համար։ Երբ կենդանին գալիս է ու տեսնում է կեր չկա, ապա սկսում է կողքերը կեր փնտրել։ Այս դեպքում՝ մարդիկ իրենք էին արջին «հրավիրել» գյուղ։ Ի դեպ, գենետիկորեն փոխանցվող խնդիր է։ Եթե մայր արջը գյուղ է մտնում, ապա ամենայն հավանականությամբ իր ձագերն էլ կգան։ Այդ գենետիկական կապը նույնպես պետք է կտրել։ Այսպիսի արջերին պետք է տանել ավելի հարուստ բնություն ունեցող տարածքներ՝ անտառներ, որտեղ իրենց համար սնունդը բավարար կլինի»,- պատմեց Մանվելյանը։
Ինչ վերաբերում է խնդրի լուծումներին, ապա Կարեն Մանվելյանը ներկյացնում է մի քանի տարբերակներ։
«Հիմնականը՝ էլեկտրահովների ապահովումն է։ Մարդիկ պետք է ցանկապատեն իրենց տարածքը, որպեսզի արջը չկարողանա մուտք գործել։ Շատին գյուղում, որը ևս բավականին տուժել է արջերի հարձակումներից, արդեն տեղադրել ենք 40 ԿՎտ հզորությամբ արևային ֆոտոէլեկտրակայան համակարգ, որից ստացած եկամուտը գյուղապետարանը կուղղի տուժած բնակիչներին վնասը փոխհատուցելու նպատակով»։
Առաջարկներ կան նաև խնդրահարույց արջերի դեպքում։ «Մի քանի խնդրահարույց արջեր կային, որոնց առաջարկել ենք տեղափոխել ոչ բնական պայմաններ։ Իսկ այն արջերը, որոնք հազվադեպ են հանդիպում բնակավայրերում, առաջարկում ենք տեղափոխել Լոռվա կամ Տավուշի անտառներ։ Այս լուծման տարբերակները դեռ պետք է քննարկել շահագրգիռ կողմերի հետ։ Այս պահի դրությամբ խնդրի լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքը էլեկտրահովիվների տեղադրումն ու վնասի փոխհատուցումն է»,- եզրափակեց Մանվելյանը։
