Ջոնսոնը կոչ է արել էրդողանին դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նախազգուշացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որ Լոնդոնը չի կարող աջակցել Սիրիայում ընթացող «Խաղաղության ակունք» ռազմական գործողությանը՝ առաջարկելով նրան իր աջակցությունը խաղաղ բանակցություններում: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետի ներկայացուցիչը՝ շաբաթ Ջոնսոնի և Էրդողանի միջև կայացած հեռախոսազրույցից հետո:
«Ջոնսոնը խորը մտահոգություն է հայտնել Սիրիայի հյուսիսում շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ, ինչը, նրա խոսքով, հետագայում կարող է ավելի վատթարացնել երկրում հումանիտար իրավիճակը և խաթարել ԻՊ-ի դեմ պայքարում գրանցած առաջընթացը»,- ТАСС-ի փոխանցմամբ՝ ասված է հայտարարության մեջ:
«Վարչապետը շեշտել է, որ Թուրքիան Մեծ Բրիտանիայի կարևոր գործընկերն է և ՆԱՏՕ-ի դաշնակիցը, սակայն Ջոնսոնը հասկացրել է, որ Մեծ Բրիտանիան չի կարող աջակցել Թուրքիայի ռազմական գործողություններին: Նա կոչ է արել Թուրքիայի նախագահին դադարեցնել գործողությունները և երկխոսություն սկսել՝ նշելով, որ Մեծ Բրիտանիան և միջազգային մյուս գործընկերները պատրաստ են աջակցել բանակցություններին, որոնք ուղղված են հրադադարի հաստատմանը», – եզրափակել է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի ներկայացուցիչը:
