Չեմ պատրաստվում պատասխան տալ նախորդ 5 տարիների ձախողված աշխատանքի համար. Սուրեն Պապիկյանը` «Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարության մասին (տեսանյութ)
«Հյուսիս-Հարավ»-ի շինարարությունն ավարտին հասցվելու է: Այս մասին այսօր Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում գտնվող «Արմենիա Վայն» գինու գործարանում ընթացող «Իմ քայլը՝ հանուն Արագածոտնի մարզի» խորագրով ներդրումային համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
«Մենք կարողացել ենք ստեղծել մի հարթակ, որտեղ գործարարը կարող է գալ և լսել Կառավարության անդամների պատասխաններն իր հուզող հարցերի համար: Մյուս կողմից՝ անձը, որը կարող է բիզնես միտք հղացնել, կարողանում է միտքը կիսել հանրության հետ և գտնել դրա համար ներդրող»,- նշեց նա և հավելեց, որ այս ֆորմատի նպատակն այն է, որ գործարարները համախմբվեն ու լսեն ծրագրերը, որից հետո կկարողանան ներդրումներ կատարել:
Պապիկյանը նշեց, որ երբ կավարտվի հանդիպումը, թվերով կներկայացնեն, թե քանի գործարարներ են եկել ու ինչ ներդրումներ են կատարվել: Բայց նույն ժամանակ նկատեց, որ նկատելի հոսք կա: «Մեր մարզպետների մոտ, ոլորտը համակարգող նախարարության, գերատեսչության մոտ հիմա դժգոհություն կա: Մեզ մոտ լուրջ խնդիր է գյուղատնտեսական հողի նշանակության մասով: Սա ընդհանուր հայտարարի գալու խնդիր է, այս ասպարեզում լուծումներ ենք փնտրում և շուտով կգտնենք»,- ասաց Պապիկյանը:
Անդրադառնալով այն հարցին թե, ինչ փուլում է գտնվում «Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարությունը, Պապիկյանը պատասխանեց. «Չեմ պատրաստվում պատասխան տալ նախորդ 5 տարիների ձախողված աշխատանքի համար»։
Նախարարի խոսքով՝ հիմա քայլեր են ձեռնարկում ծրագրում փոփոխություններ իրականացնելու համար, որպեսզի ճանապարհի կառուցումը վերսկսվի։ Նա նաև հավելեց, որ «Հյուսիս-Հարավ»-ի շինարարությունն ավարտին հասցվելու է:
