Արդյունավետ բնական միջոցներ՝ բորբոքված ու այտուցված լնդերը բուժելու համար
Հիվանդ ու այտուցված լնդերը հարկավոր է բուժել միայն փորձառու բժշկի հսկողության տակ, քանի որ միայն մասնագետը կկարողանա պարզել խնդրի առաջացման պատճառը և նշանակել անհրաժեշտ բուժումը, սակայն կան նաև որոշ արդյունավետ ու պարզ միջոցներ, որոնք կօգնեն էլ ավելի արագ հասնել ցանկալի արդյունքին:
Նման միջոցներից մեկն է մեխակի յուղը, որը մարդկությունը դարեր շարունակ օգտագործել է բերանի խոռոչի հիվանդությունների բուժման համար: Այս յուղն օժտված է հակաբորբոքային ազդեցությամբ, ինչի շնորհիվ արդյունավետ կերպով բուժում է այտուցված լնդերը: Բացի այդ, այն բնական ցավազրկող միջոց է, որն օգնում է մեղմել ցավը: Նման արդյունքի հասնելու համար պարզապես հարկավոր է մատներով քսել մեխակի յուղը լնդերին և մի փոքր մերսել:
Անչափ արդյունավետ ու հասանելի միջոց է նաև հասարակ աղաջուրը: Բերանի խոռոչի ցանկացած հիվանդության դեպքում խորհուրդ է տրվում կատարել աղաջրով ողողումներ, ինչը չեզոքացնում է pH մակարդակը և իր հակաբորբոքային հատկության շնորհիվ դրական ազդեցություն է ունենում լնդերի վրա:
Լնդերի բուժման արդյունավետ բնական միջոցների շարքին է դասվում նաև կոճապղպեղը, որը կարելի է օգտագործել տարբեր հիվանդությունների, այդ թվում նաև ատամների հետ կապված խնդիրների դեպքում: Կոճապղպեղը համարվում է հզոր հակաօքսիդանտ, որը շատ արդյունավետ է այտուցների ու բորբոքումների դեպքում: Առավել լավ արդյունքի հասնելու համար խորհուրդ է տրվում օգտագործել կոճապղպեղով մածուկ՝ քսելով այն բորբոքված լնդերին:
Հակասեպտիկ ու հակաբակտերիալ ազդեցությամբ օժտված ոչ պակաս արդյունավետ միջոց կարող է լինել նաև կերակրի սոդան, որն օգնում է նվազեցնել լնդերի բորբոքման մակարդակը: Պարզապես հարկավոր է լուծել կերակրի սոդան ջրում և օգտագործել այդ լուծույթը ողողումների համար: Ցանկության դեպքում կարելի է այդ լուծույթին ավելացնել նաև կիտրոնի հյութ, որն օժտված է հակամանրէային ու հակաբակտերիալ հատկություններով:
