<<ՆԱՏՕ-ի անդամ ոչ մի երկիր այնքան չի տուժել ահաբեկչությունից, որքան Թուրքիան>>. Յենս Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ստամբուլում հանդիպում է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, գրում է En Son Haber լրատվականը: Հանդիպումը տեղի է ունեցել Ստամբուլի Դոլմաբահչե պալատում:
Հանդիպումից հետո տեղի է ունեցել համատեղ մամուլի ասուլիս, որի ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի «ամենաուժեղ երկրներից է»:
«Թուրքիայի պես ՆԱՏՕ-ի անդամ ոչ մի երկիր չի տուժել մերձավորարևելյան ահաբեկչություններից»,- ասուլիսի ժամանակ ասել է Ստոլտենբերգը:
Իր հերթին, Չավուշօղլուն նշել է, որ «Սիրիայում ապաստան են տալիս ահաբեկիչներին, իսկ Թուրքիան շարունակելու է պայքարն ահաբեկչության դեմ»:
Այնուհետ Ստոլտենբերգը նշել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները շարունակելու են աջակցել Թուրքիային «ահաբեկչության դեմ պայքարում»:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները մեկ միասնական դիրքորոշում չունեն Սիրիայի հյուսիսում գործող քրդական PYD/YPG ուժերի հարցում:
Լրատվականը նշում է, որ Ստոլտենբերգը հանդիպելու է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը:


