<<Ինչո՞ւ մենք չենք լուծում այդ խնդիրները>>. Լուկաշենկոն կոչ է արել համատեղ լուծել հետխորհրդային տարածքում առկա սառեցված հակամարտությունները
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել համատեղ լուծել հետխորհրդային տարածքում առկա սառեցված հակամարտությունները: Այդ մասին նա հայտարարել է այսօր՝ Աշխաբադում ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ, գրում է «ԲԵԼՏԱ»-ն:
«Միասին ենք եղել, միասին ենք պատերազմել, իսկ տեսեք, թե ինչ է կատարվում այսօր հետխորհրդային տարածքում: Որքան նման կոնֆլիկտ կա… Ինչո՞ւ մենք չենք լուծում այդ հարցերը: Եթե մենք ինչ-որ բանի ունակ ենք, պետք է լուծենք այդ խնդիրները, այդ սառեցված հակամարտությունները: Լուծենք ազնիվ, արդար ճանապարհով»,- կոչ է արել Լուկաշենկոն:
«Պետք չէ ստեղծել իրավիճակ, երբ պետք է օգնության դիմել օվկիանոսից այն կողմ՝ «օգնեք մեզ լուծել այս խնդիրները»: Եկեք մենք լուծենք այդ խնդիրները և չստեղծենք նորերը»,- հավելել է նա:
Հիշեցնենք, որ Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոշտ պատասխան է տվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթին՝ անվանելով այն «հայ ժողովրդի և ԱՊՀ երկրների ղեկավարների նկատմամբ անհարգալից վերաբերմունք»:
