Էջմիածինը մեր կյանքում ունեցած մի քանի շրջադարձային փոփոխությունների կենտրոն է և մայրաքաղաք. վարչապետը շնորհավորեց քաղաքի 2704-ամյակը
Մեր միասնական ընկալումը Էջմիածնի վերաբերյալ այն է, որ Էջմիածինը համայն հայության հոգևոր մայրաքաղաքն է, և, ըստ էության, սա ասելով` ուզում եմ ընդգծել, որ Էջմիածինը մեր ժողովրդի կյանքում ունեցած մի քանի շրջադարձային փոփոխությունների կենտրոն և մայրաքաղաք է: Այս մասին Էջմիածին քաղաքի 2704 ամյակի առիթով կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` շնորհավորելով էջմիածինցիներին:
«Առաջինը, իհարկե, քրիստոնեության ընդունումն է, որը շրջադարձային, հեղափոխական նշանակություն ունեցավ մեր կյանքում, և այսօր մեր ինքնության անբաժանելի մասն է կազմում: Էջմիածինը գրերի ստեղծումից հետո դարձավ նաև մեր դպրության մայրաքաղաքը»,-ասաց Փաշինյանը` նշելով նաև շրջադարձային մի շարք այլ իրադարձություններ, որոնցում Էջմիածինն էական դերակատարում է ունեցել` Սարդարապատի հերոսամարտից մինչև մեր օրերը:
Վարչապետի խոսքով՝ Էջմիածինը նաև այսօր ունի առանձնահատուկ դեր Հայաստանի և հայ ժողովրդի կյանքում` նաև քաղաքական իմաստով:
«Քաղաքական իմաստով Էջմիածինը ևս մեկ շրջադարձային նշանակություն ունեցող իրադարձության կենտրոն դարձավ: Ես շատ սիմվոլիկ եմ համարում, որ այս հազարամյա պատմության ընթացքում շրջադարձային իրադարձություն տեղի ունեցավ, և երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ Հայաստանում ընտրվեց կին քաղաքապետ»,-ասաց նա:
