Գյումրիում հիմնվող Հյուսիսային ավտոմաքսատան բացումը հետաձգվում է

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն աշխատանքային հերթական այցով եղել է Գյումրիում կառուցվող ավտոմաքսատան շինհրապարակում: Այստեղ թեև մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվել, սակայն շինարարության տեմպերը գոհացուցիչ չեն, շինաշխատանքներն ավարտված չեն, ավտոմաքսատան բացումը հետաձգվում է:

Հիշեցնենք, որ Գյումրու օրը՝ տոնակատարության ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ՀԺ-ի հետ զրույցում ասել էր, թե անկախ ամեն ինչից ավտոմաքսատունը Գյումրիում բացելու են հոկտեմբերի 11-ին: Այսօր արդեն հստակ է, որ այդ ժամկետում որեւէ բացում տեղի չի ունենա:

«Ավտոմաքսատան բացումը հետաձգվում է մեկ շաբաթով, որովհետև օբյեկտիվորեն չենք հասցնում: Հենց այսօր որոշեցինք: Ֆիզիկապես չենք հասցնում»,- Գյումրիում հայտարարել է Դավիթ Անանյանը: Աշխատանքների տեմպերը, ըստ Անանյանի, դանդաղել են եւ՛ օբյեկտիվ, եւ՛ սուբյեկտիվ պատճառներով: Խոստանում են՝ օբյեկտիվները կքննարկեն, սուբյեկտիվներն առաջիկա երկու-երեք օրերի ընթացքում կհարթեն:

«Ընթացքն այնքան էլ գոհացուցիչ չէ, մեր սպասածից դանդաղ է տեմպը: Շինարարության ձգձգումը և՛ սուբյեկտիվ, և՛ օբյեկտիվ պատճառներ ունի, խանգարող հանգամանք էր ինչպես եղանակը, այնպես էլ պարբերաբար փոփոխության ենթարկվող նախագիծը: Եթե սկզբնական շրջանում շենքային հարմարությունների համար կառուցապատվելու էր 800 մետր տարածք, ապա նոր նախագծով 4000 մետրի է այն հասել: Կոմունիկացիայի հետ կապված որոշ աշխատանքներ էլ կային, որոնք էլ իրենց հերթին դանդաղեցրեցին աշխատանքի ընթացքը»:

Ներկա պահին կառուցվում են մաքսատան վարչական շենքն ու մեքենաների կայանման հարթակը: Շինաշխատանքներում ընդգրկված է 200 բանվոր: Կոմիտեի ղեկավարը զրուցել է շինարարական աշխատանքները համակարգող անձնակազմի հետ, տեղում քննարկել շինարարության ընթացքում ի հայտ եկած խնդիրները: Դավիթ Անանյանը կապալառու շինկազմակերպություններին հորդորել է անցնել շուրջօրյա ռեժիմի, ավելացնել նաև աշխատուժը և ավտոմաքսատան շահագործման նոր ժամկետ սահմանել հոկտեմբերի 18-ը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )