Չլուծվող հարցը, լուծվում է շատ փողով
Գյումրիում ինքնակամ շինությունների կառուցումը սկսվեց 1988-ի երկրաշարժից հետո, երբ քաղաքի տարբեր հատվածներում տնակներ տեղադրվեցին, հետո բնակարանի փոխհատուցման հույսը կորցրած ընտանիքները տնակները քարապատեցին՝ դրանք համարելով հիմնական բնակության վայր։
Կառավարությունը անցած տարվանից սկսեց քննարկել Գյումրին տնակներից ազատելու ծրագիրը։Այսինքն՝
Գյումրին տնակներից և ոչ հիմնական շինություններից ազատելու նախանշված վերջնաժամկետը մինչև 2027 թվականն է, իսկ գործընթացն ու հաստատած ժամկետները ենթադրում են նաև տնակներում ապրող ընտանիքների բնակապահովման հարցերի լուծում՝ ըստ ընտանիքների բնակարանային պատմությունների, իսկ դրանք խիստ տարբեր են, խճճված։ Քաղաքը տնակներից ազատելու ժամկետը՝ մինչև 2027 թիվը թվում է, թե բավական երկարատև է, բայց տնակային պատմություններն ու փոխհատուցման առայժմ առաջարկվող տարբերակները երբեմն անհամապատասխան են։Գյումրիի քաղաքապետարանը բնակիչներին առաջարկում է նաև սեփականաշնորհման տարբերակը, այսինքն՝տնակի բնակիչը կարող է իր տարածքը սեփականաշնորհելու համար դիմում ներկայացնել, բայց բնակիչների բողոքներից կարելի է հասկանալ, որ միանշակ չէ այս առաջարկը, որովհետև շատ դեպքերում բնակիչները հայտնվում են արհեստական քաշքշուկի մեջ։Պարզ ասած՝բնակչին այնքան են ծանրաբեռնում թղթատարության մեջ, որ պարզ հասկացնում են, չլուծվող հարցը լուծվում է շատ փողով։Մեզ հասած տեղեկություններով խոսքը որոշակի գումարի մասին է, այսինքն՝վճարում ես ու կողքի ես քաշվում, առանց ավելորդ աղմուկի։
Հիշեցնենք, որ Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը նշել էր, թե որ դեպքում սեփականաշնորհումը հնարավոր կլինի։Այսինքն՝եթե տվյալ շինությունը չի հակասում գլխավոր հատակագծին, քաղաքաշինական և շինարարական նորմաներին համապատասխանում է, ուրիշների իրավունքները չի խախտվում, ինչպես նաև մարդկանց կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։Շատ ենք ստանում բողոքներ, որ բնակիչների տարածքը անշեղելիորեն համապատասխանում է սույն չափորոշիչներին, բայց արհեստականորեն ձգձգում են սեփականաշնորհման գործընթացը։
