Ահազանգ. նոր անակնկալ խնդիրներ 1998-ից զենով պարգևատրված անձաց համար

ՍԻՄ նախկին նախագահ Հրանտ Խաչատրյանը գրում է.

«ԱՀԱԶԱՆԳ! ՆՈՐ ԱՆԱԿՆԿԱԼ ԽՆԴԻՐՆԵՐ 1998- ից զենով պարգևատրված անձաց համար.

Նրանք պարտավոր են փաստաթղթեր ներկայացնել առաջին անգամ զենք ձեռք բերողների հետ հավասարեցված նույն կարգով։

Փաստաթղթերը չներկայացնելու դեպքում որպես պարգև ստացած զենքը առգրավվում է, կամ վերցվում։

Մի կողմ թողնենք օրենսդրական դրույթի ընդունման ու կիրառման բացահայտ անհեթությունը։
Բնական է, որ քարրորդ դար առաջ ֆիզիկապես տկարներին ու հոգեպես անառողջներին զենքով չէին պարգևատրում՝ որքան էլ որ իշխանությունները նախկին լինեին։
Նույնքան բնական է, որ այն ժամանակ պարգևատրվածներից շատերի առնվազն ձեռքերն այսօր դողում են։

Բայց իրական, բոլորին վերաբերող խնդիրն այն է, որ նոր օրենքով փաստաթղթերը ներկայացնելու համար սահմանված ժամկետը լրանում է հոկտեմբերի 26-ին, բայց գործադիր իշխանությունը դեռ չի ձևավորել համապատասխան գիտելիքները քննող լիազոր մարմինը։
Եթե առաջին անգամ զենք ձեռք բերողի ցանկությունը հետաձգվում է անորոշ ժամկետով, ապա պետական պարգև վաստակած մարդը ապօրինի զրկվում է դրանից։

ԵՍ ՄԻԱՆՈՒՄ ԵՄ Հայաստանում  օրինական զենք ունենալու ու կրելու ազատ  իրավունքի համար պայքարող երիտասարդական շարժումներին։

Փորձեք դիմել ձեր համայնքների ոստիկանության հրահանգիչներին. Մեծ մասը անտեղյակ լինելով, կամ ձևանալով պատասխանում են, որ նման օրենք չի կարող լինել ու վստահ ասում են. – Հոպար ջան դու հանգիստ էղի, դու պրոբլեմ չունես։
Ես էլ գիտեմ, որ հիմա չունեմ։ Բայց հաստատ կունենամ ծննդյանս 72 ամյակի օրը՝ հոկտեմբերի 26-ին – եթե ձեռքերս ծալած նստեմ։

Ստորև ներկայացնում եմ նոր օրենքի համապատասխան հոդվածները.

ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հոդված 37.
…
7. «Զենքի մասին» 1998 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-246 օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով զենքով պարգևատրված անձինք սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, պարտավոր են Հայաստանի Հանրապետության ոստիկանություն ներկայացնել տվյալ անձի մոտ սույն օրենքի 11-րդ հոդվածի 11-րդ մասի 5-րդ կետով նախատեսված զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայությունը հավաստող բժշկական փաստաթղթեր և 7-րդ կետով նախատեսված հավաստագիր։ Սահմանված փաստաթղթերը չներկայացնելու դեպքում զենքը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը առգրավում կամ վերցնում է:
(37-րդ հոդվածը փոփ., լրաց. 25.04.23 ՀՕ-128-Ն)
Հոդված 11. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը.
…
7) զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունները հանձնելու համապատասխան փաստաթուղթ:

Share This