ԳԱՎԱՌՈՒՄ ԵՐՐՈՐԴ ՕՐՆ Է՝ ԸՆԹԱՆՈՒՄ Է «ՀՈՎՎԻ ՓԱՌԱՏՈՆԸ»

Գավառ քաղաքի  կենտրոնական հրապարակում  երրորդ օրն է՝ ընթանում է «Հովվի փառատոն»  եւ  «Փախլավայի օր» միջոցառումը:

Արդեն երկրորդ անգամ  է Գավառ քաղաքում ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Զբոսաշրջության Կոմիտեի և Գավառի համայնքապետարանի աջակցությամբ տեղի  ունենում «Հովվի փառատոն»-ը՝ այս անգամ եռօրյա ձևաչափով:

Հուլիսի 7-ին Գավառ քաղաքից մեկնարկեց փառատոնը: Զբոսաշրջիները, կազմակերպիչներն ու կամավորները հուլիսի 7-ին եղան Գավառի տարածաշրջանի կիկլոպյան ամրոցներում դիտեցին իրական պատմական փաստերի վրա հիմնված թատերական ներկայացումներ’ հենց կիկլոպյան ամրոցների տարածքում:

Հովվի փառատոնի երկրորդ օրն անցկացվեց Գավառ քաղաքից 10 կմ դեպի արևմուտք գտնվող Սուրբ Խաչ լեռան փեշերին:

Փառատոնին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, նախարարության զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչներ, տեղացի և արտասահմանցի զբոսաշրջիկներ, հյուրեր.

Փառատոնն ուղեկցվեց սարվորի կյանքի նկարագրական դրվագներով՝ ոչխարի խուզ, կիթ, սարվորի կողմից պատրաստած բնամթերքի ցուցահանդես-վաճառքով, ազգային երգ ու պարով, ազգային խաղ-մրցույթներով, ձիավարությամբ, գառան խաշլամայի ու փռի կարտոֆիլի հյուրասիրությամբ,որոնք պատրաստվեցին տեղում, տեղական արտադրանքների ցուցահանդես-վաճառքով ու պարգևատրումներով:

«Հովվի փառաոտն»-ը եզրափակվեց «Փախլավայի օր» -ով:

Փառատոնին իրականացվեց տաղավարային ցուցադրություն վաճառք, որում ներկայացված էին ավանդական փախլավան, գաթան, շաքարլոխումը, ինչպես նաև Գավառում արտադրվող հացաբուլկեղեն, տարբեր անուշեղեններ,տարածքին բնորոշ այլ ապրանքներ, թեմատիկ ձեռքի աշխատանքներ: Միաժամանակ տեղի ունեցավ փախլավայի պատրաստման վարպետաց դաս, տեղում պատրաստվեց փախլավա:

Փառատոնի ողջ ընթացքում հնչեց ավանդական երգն ու պարը:

Փառատոնին մասնակցեցին պաշտոնատար անձինք, զբոսաշրջիկներ և տեղի բնակիչներ:

Փառատոնն իրականացվում է «Սարվոր» զբոսաշրջային, սոցիալ-կրթական, բնապահպանական ՀԿ-ի և «Սարվոր տուրիզմ»-ի նախաձեռնությամբ’ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության Կոմիտեի և Գավառի համայնքապետարանի աջակցությամբ։

 

Share This