Ալեն Սիմոնյան. Պետք է մշտապես պատրաստ լինենք, որ ամեն րոպե կարող է հարձակում լինել
Անշնորհակալ գործ է կանխատեսում անել, թե արդյոք Ադրբեջանի վերջին գործողությունները կարող են բերել լայնածավալ ռազմական գործողությունների»,- լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Իհարկե, մենք պետք է մշտապես պատրաստ լինենք, որ ամեն րոպե կարող է հարձակում լինել, մենք այդ տրամաբանությամբ ենք աշխատում: Բանակին ուղղված գործողությունները, բարեփոխումները հենց այդ տրամաբանությամբ են առաջ գնում: Այսինքն անկախ նրանից, թե այդ սադրանքները կլինեն, թե չեն լինի, մենք այդ տրամաբանությամբ ենք գնում:
Մշտապես կրակոցներ եղել են դեռ արցախյան առաջին պատերազմից հետո»,-ասաց նա՝ միաժամանակ հավելելով, որ Հայաստանը խաղաղության էպատրաստվում, կոչ է անում Ադրբեջանին նույնպես այդ տրամաբանության մեջ խոսել ու գործել։
Ալեն Սիմոնյանը կարծում է, որ վաղը Վաշինգտոնում կայանալիք Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից կարելի է առաջընթաց սպասել. «Բանակցությունները բավականին ինտենսիվ են ընթանում, առաջարկներն ու քննարկումները երկու կողմից էլ արդյունք են տալիս, այդ փոփոխություններին մի տեղ մենք ենք ձևակերպումների հետ համաձայնում, մի տեղ՝ ադրբեջանական կողմը։ Ես լիահույս եմ, այս պահի դրությամբ տեսնում եմ, որ առաջընթաց կա»։
Նրա խոսքով, Ադրբեջանի մոտ չի ստացվելու էթնիկ զտումներ անել, առնվան Հայաստանը դա թույլ չի տալու՝ օգտագործելով բոլոր միջազգային լծակները։
Ա.Սիմոնյանը նշեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փակ հանդիպման ժամանակ ընդունել է ՀՀ տարածքային ամբողջականությունը` թվային ձևակերպումով. «Ալիևն ասում է՝ ես Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջ չունեմ: Չգիտեմ՝ ես դա ասելու իրավունք ունե՞մ, թե՞ չունեմ, կարծում եմ՝ ունեմ. փակ հանդիպման ժամանակ ինքը նույնպես ընդունում ու ընդունել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը թվային ձևակերպումով»։
