Սահմանադրական անմիջական ժողովրդավարության կարևոր ինստիտուտն այսօր վարչական բյուրոկրատիան ձախողում է. Արծվիկ Մինասյան

Ժողովրդավարության կարևորագույն ինստիտուտներից մեկը՝ քաղաքացիների նախաձեռնությամբ օրենսդրական առաջարկ ներկայացնելն է»,-ԱԺ արտահերթ նստաշրջանում արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին դիմեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ տեղեկացնելով, որ Հայաստանում ընթանում է «ՀայաՔվեն»:

Պատգամավորի խոսքով՝ այդ գործընթացում նոտարական ինստիտուտն ամրագրված է որպես կարևորագույն դերակատարություն ունեցող, բայց բացակայում են մեխանիզմները, թե ինչպես կարող են առանց լրացուցիչ ջանքերի, ֆինանսական միջոցների քաղաքացիները միանան այդ նախաձեռնությանը:

«Այս նախաձեռնությունը հայտնվել է վարչական անպատասխանատու մի իրավիճակում, երբ քաղաքապետարանի և մի շարք վարչական շրջանների, ինչպես նաև համայնքների ներկայացուցիչները հրաժարվում են տարածքներ հատկացնել այս նախաձեռնությանը միացող քաղաքացիներին ստորագրությունը դնելու գործընթացի կազմակերպման համար»,-ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղարը:

Նախարար Գրիգորի Մինասյանն ասաց, որ կուսումնասիրի, եթե Արդարադատության ոլորտին վերաբերվի, կարձագանքի՝ հավելելով, որ ծանոթ չէ դետալներին:

Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ ուղղակի կապ ունի նախարարության հետ՝ հավելելով, որ  նախաձեռնությունը ժողովրդավարության կարևորագույն ինստիտուտներից է, որում նոտարներն են ներգրավված:

Պատգամավորը նաև հայտնեց, որ իր ձեռքի տակ է հայտնվել Երևանի Կենտրոն, Ավան, Նոր Նորք վարչական շրջանների ղեկավարների և Դիլիջան համայնքի ղեկավարի պատասխանները, որտեղ  սևով սպիտակի վրա գրված է, որ մարդիկ հրաժարվում են քաղաքացիական այս կարևոր նախաձեռնությանը հատկացնել տարածքներ, որտեղ քաղաքացիները կարողանան գան իրենց  ստորագրությունները  դնեն:

«Որպես արդարադատության նախարար, կարող եմ ասել, որ յուրաքանչյուր կողմ կարող է կնքել պայմանագրեր և այնպիսի գործողություններ իրականացնել, որոնց համար օրենքով լիազորություններ ունի»,-պատասխանեց նախարար Գրիգոր Մինասյանը և նշեց, որ եթե որևէ կողն չի ստորագրում պայմանագիրը, ապա այդտեղ գործադիրն իրավասություն չունի որևէ կողմի ստիպել կնքել պայմանագիր և վարձակալության տալ տարածք:

Իր ելույթում Արծվիկ Մինասյանը պարզաբանեց, որ օերնսդրական կարգավորմամբ՝ ստորագրահավաքը պետք է իրականացվի վարչական շրջաններում, համայնքապետարաններում՝ դրանց ղեկավարների պատասխանատվության ներքո և հանրային ծառայողների անմիջական պարտադիր մասնակցությամբ, մյուս միջոցը նոտարական կարգավորմամբ նախաձեռնություններին հայտարարությամբ միանալն է և երրորդ միջոցը էլեկտրոնային ստորագրություն հավաքելն է:

«Սահմանադրությամբ հռչակված անմիջական ժողովրդավարության կարևոր այս ինստիտուտն այսօր վարչական բյուրոկրատիայի անպատասխանատու վարքագծի, քաղաքական այս կամ այն շահերից ելնելով ուղղակի ձախողվում է»,-ասաց Արծվիկ Մինասյանը:

ՔՊ-ական Սիսակ Գաբրիելյանը հարցրեց, թե ինչո՞ւ այդ օրենսդրական նախաձեռնությամբ «Հայաստան» դաշինքը հանդես չի գալիս, առավել ևս, որ պահանջվող 50 հազարից 6 անգամ ավել ձայն է ստացել:

Արծվիկ Մինասյանն ասաց, որ իր խոսքն աղավաղում են, որ ինքը խոսում է օրենքի նախաձեռնություն ներկայացնելու սահմանադրորեն իրավասու սուբյեկտի՝ ժողովրդի իրավունքի մասին, որի այդ կարևորագույն իրավունքի իրականացումը խոչընդոտվում են վարչարարության և օրենսդրական բացերի հետևանքով և ՔՊ-ն պետք է մտածի դրանք վերացնելու մասին, այլ ոչ թե մանիպուլյացնի իրավիճակով:

Share This