Երբ կսկսվի Հայաստանում սեփականության վերաբաշխումը

Երբ 1917 թվականին Ռուսաստանում տեղի ունեցավ բոլշեւիկյան հեղափոխությունը, անմիջապես դրանից հետո սկսվեց այսպես ասած սեփականության վերաբաշխումը, այն տեսքով միայն, որ բոլշեւիկներն ամեն բան գրեթե, վերցրեցին իրենց, այսինքն՝ պետությանը, այսինքն՝ իշխանությանը։ Որեւէ հեղափոխություն կամ իշխանափոխություն միշտ իր հետեւից բերում է սեփականության վերաբաշխման։ Սա հեղափոխությունների անբաժանելի բաղադրիչն է, որը անխուսափելի է։ Ինչ որ իմաստով Հայաստանում եւս դա է տեղի ունենալու։ Ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանը Ամերիկա կատարած իր վերջին այցի ժամանակ թափանցիկ կերպով դա հասկացրեց, ասելով, որ վերադարձ է լինելու 98 թվականի տնտեսական ստատուս-քվոյի վիճակին։ Իրականում, որքան էլ տեղի ունեցողը փաթեթավորենք հակակոռուպցիոն պայքարի լոզունգներով, այնուհանդերձ, բացի անձնական վրեժխնդրությունը, ներկայումս սկսած հալածանքները նաեւ դրան են միտված։ Դժվար է ասել, թե ինչ հաջողության կհասնի Փաշինյանը։ Դժվար է ասել նաեւ, թե որ կետից սկսած կանցնի սեփականության վերաբաշխման ավելի ռադիկալ միջոցների՝ թավիշը փոխարինելով սղոցով։ Ամեն դեպքում, այն խաղը որի մեջ ներքաշվել է իշխանությունը կամ գուցե հենց ինքն է նախաձեռնել, շատ վտանգավոր է, քանի որ մեծ հաշվով մարտահրավեր է պոստսովետական տարածքի էլիտաներին, քանի որ հայկական էլիտան հազարավոր թելերով կապված է հետսովետական էլիտաների հետ։ Ու այս պարագայում ով կհաղթի, ոչ ոք չգիտի։ Մեկ բան, սակայն պարզ է, երկրին ու ժողովրդին սպասվում են լրջագույն ցնցումներ։ Այլ կերպ չի էլ կարող լինել։ Ու հնարավոր է, որ այդ ցնցումները այնպիսի տեկտոնիկա եւ դետոնացիա ունենան, որ երկրից պարզապես մնան փլատակները։
