Պոպուլիզմի վտանգները դատական համակարգի, ՍԴ-ի և ողջ պետության համար
Բոլոր ժամանակներում ժողովրդի անունից խոսող ղեկավարների պակաս մարդկությունը չի ունեցել։ «Ժողովուրդն է այդպես ուզում», «դա ժողովրդի կամքն է», «ժողովուրդը պետք է որոշի». այս և նմանատիպ խոսքերն ականջահաճո են, բայց ոչ արդյունավետ։ Քիչ չեն նաև դեպքերը, երբ ողջ իշխանությունը ժողովրդին փոխանցելու ֆոնին հայտնվում են պոպուլիստական առաջնորդներ և խմբավորումներ, որոնք «ճշմարիտ» ժողովրդավարություն հաստատելու պատրվակով փորձում են վերաշարադրել սահմանադրական նորմերն ու սկզբունքները։
Իսկական ժողովրդավարության մեջ ժողովուրդն ինքնիշխան է, բայց դա չի նշանակում, որ նրանց իշխանությունն անսահմանափակ է, և որ կառավարության, կամ դատարանների որոշումները պետք է կայացվեն հավաքների ժամանակ կամ հավաքների ազդեցության տակ: «Ամեն ինչ ժողովուրդն է որոշում» սկզբունքը, ժողովրդավարության պարզունակ պատկերացում է՝ ինչպես պոպուլիստական առաջնորդների, այնպես էլ հասարակության մեծ մասի կողմից: Իրական ժողովրդավարությունը փողոցի ուժը չէ, այլ ժողովրդի ուժի գործադրումը՝ Սահմանադրությամբ նախատեսված շրջանակներում և կարգով: Պոպուլիզմը, այս կամ այն ձևով, ուղղակիորեն հակասում է Սահմանադրության հիմնարար արժեքներին, լուրջ մարտահրավեր է հատկապես ժամանակակից սահմանադրական դատարանների համար, և սահմանադրականության հաստատման միջոցով դրա հաղթահարումը դարձել է առավել արդիական: Դրա համար, նախևառաջ, անհրաժեշտ է հասնել հասարակական լայն կոնսենսուսի` հիմնարար սահմանադրական արժեքների, դատական համակարգի իրական անկախության, արդյունավետ մեխանիզմների մշակման ուղղությամբ, որոնք ապահովում են իրավունքի գերակայությունը ոչ միայն պետական իշխանությունների, այլև ժողովրդի դեպքում։
Քաղաքական ուժերի կողմից պոպուլիզմի գայթակղությանը տրվելու հավանականությունը բավականին մեծ է, սակայն հայտնի է, որ քաղաքական գործիչներն ամենաբարձր գինն են վճարում «ամենաէժան» պոպուլիստական որոշումների համար: Դատական համակարգի համար պոպուլիստական որոշումների ընդունումը կնշանակի նրա սահմանադրական-իրավական գործառույթների և դերի ամբողջական խեղաթյուրում: Հետևաբար, միակ ոչ քաղաքական՝ դատական իշխանությունը պարտավոր է դրան հակազդել։ Թեպետ կարող է ժողովրդահաճո որոշումների կայացման կամ իշխող քաղաքական ուժերի հետ լեզու գտնելու գայթակղությունը մեծ լինել։
Դատական համակարգի անկախությունը նշանակում է ոչ միայն նրա անկախությունն իշխանության այլ ճյուղերից, այլև անկախությունը հասարակական կարծիքից: Դատավորի համար ոչ մի նշանակություն չունի ոչ միայն այն, թե ինչ են ուզում իրենից քաղաքական ուժերը, այլև այն, թե ինչ որոշում է իրենից ուզում հանրությունը: Սահմանադրական դատարանները, որպես Սահմանադրության երաշխավորներ, այս առումով կոչված են օրինակ դառնալ այլ դատարանների համար: Սահմանադրական դատարաններն են, որ պետք է այլ դատարանների համար օրինակ ծառայեն, թե ինչպես դիմակայել սահմանադրական նորմերի պոպուլիստական և միամիտ մեկնաբանությունների գայթակղությանը՝ հասարակության կարծիքը բավարարելու համար: Դատարանների համար սովորական պայմաններում բարդ է պոպուլիզմին դիմակայելը, այն ավելի է բարդանում քաղաքական ակտիվ վայրիվերումների փուլում։
Նման դեպքերում սահմանադրական դատարանները սովորաբար կանգնում են երկընտրանքի առջև՝ ընդդեմ պոպուլիստական հակումների կտրուկ աճի ֆոնին կա՛մ դիմադրել «ժամանակի միտումներին» և հասարակական կարծիքի աննախադեպ ճնշմանը և ապահովել Սահմանադրության անձեռնմխելիությունը և դրա վրա հիմնված օրենքի գերակայությունը, կա՛մ անցնել «հեղափոխական արդարադատության» և «հանրահավաքային արդարության»: Կարճաժամկետ կտրվածքով երկրորդ ճանապարհը կարող է հանգեցնել սահմանադրական դատարանների ժողովրդականության բարձրացման, բայց երկարաժամկետ հեռանկարում այն սպառնում է փլուզել սահմանադրական արդարադատությունը և իրավունքի գերակայությունն ընդհանրապես: Սահմանադրական դատարանը պետք է ոչ միայն ուժեղ անձեռնմխելիություն ցուցաբերի պոպուլիստական միտումներին, այլև ամեն կերպ տեղ չթողնի նման գայթակղությանը: Եվ դա հատկապես մեծ է, երբ Սահմանադրական դատարանը քննարկում է վեճերը, որոնք ունեն քաղաքական բաղադրիչ կամ, երբ դրանք վերաբերում են հարկերին, աշխատավարձերին, կենսաթոշակներին և այլն:
Որպես եզրափակում ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ դատական համակարգը՝ որպես իշխանության միակ ոչ քաղաքական ճյուղ, մասնավորապես Սահմանադրական դատարանը, իր լիազորությունների շնորհիվ պետք է կարողանա արդյունավետորեն դիմակայել պոպուլիզմին, հակառակ դեպքում պոպուլիզմը կվտանգի հենց դատական համակարգը, հետևաբար՝ ողջ պետությունը։
