Գյումրի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում ծնունդների թիվն ավելացել է
Գյումրի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում ծնունդների թիվն ավելացել է։ Այս տարվա եռամսյակում ծնունդների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնապատկվել է հասնելով 204-ի, նախորդ տարի գրանցվել է 107-ծնունդ։ 2022 թվականին գրանցվել է 670 ծնունդ։
Ծնունդների թվի ավելացումը պայմանավորված է Գյումրու ծննդատունը Գյումրի բժշկական կենտրոնին միավորելու հետ, որից հետո ծննդատան շենքը ոչ միայն հիմնովին վերանորոգվել է ու կուտակված պարտքերն են մարվել, այլև հագեցվել է նորագույն տեխնիկայով․ դժվարամատչելի բոլոր հետազոտությունները հղիների համար դարձել են հասանելի։
Նախքան բուժհիմնարկների միավորումը ծննդատանն ամսական գրանցվում էր մոտ 18-22 ծնունդ, իսկ հիմա՝ միջինը 65-70․ միավորվելուց հետո եռապատկվել է ծնունդների թիվը։ Նախքան միավորումը վճարովի ծառայություններից ստացած եկամուտը տարեկան կազմել է 6 միլիոն դրամ, իսկ միավորումից հետո՝ 2022 թվականին տարին ամփոփվել է 39 միլիոն դրամով։
Մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի համար ձեռք են բերվել գերժամանակակից սարքավորումները, որոնք թույլ են տալիս իրականացնել բարդ հետազոտություններ և վիրահատություններ․ այժմ հնարավորություն կա պտղի սրտի սկրինինգ իրականացնելու՝ Առողջապահության նախարարության և «Վիվա» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։ Կատարվել է 514 սկրինինգ հետազոտություն, հայտնաբերվել է 29 արատ, որոնք ուղղորդվել են 3-րդ մակարդակի բուժհաստատություններ։
Սկրինինգն ամբողջ մարզի համար իրականացվում է անվճար։
Այս հետազոտությունն իրականացնելու համար բժիշկները վերապատրաստվել են Ռուսաստանի Դաշնությունում և Մեծ Բրիտանիայում։
Աճել է նաև գրանցված հղիների քանակը․ անցած տարի 268 հղի է հաշվառվել բաժանմունքում, այս տարի՝ 409։
Նշենք, որ բաժանմունքում աշխատում է բարձրակարգ որակավորում անցած բժիշկների թիմ, նրանք պարբերաբար անցնում են վերապատրաստումներ։
