<<Գյումրի>> ԲԿ-ն ճանաչվել է <<Լավագույն մարզային բազմապրոֆիլ բժշկական կենտրոն>>

Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդը Առողջապահության նախարարության աջակցությամբ պետական ռազմավարական ծրագրի շրջանակներում 9-րդ անգամ անցկացրել է «Երկրները մեկ հարկի տակ» համաժողով-ցուցահանդես-մրցանակաբաշխությունը:
Հաշվի առնելով պետության, մասնավոր հատվածի, դիվանագիտական կառույցների, լրատվական լուսաբանման փոխհամագործակցության դերը եւ կարեւորությունը, ինչպես նաեւ բարձր գնահատելով յուրաքանչյուրի աշխատանքը՝ նախագծին կից ձեւավորված հանձնաժողովի որոշման արդյունքում, «Գյումրի» ԲԿ-ն ճանաչվել է որպես «Լավագույն մարզային բազմապրոֆիլ բժշկական կենտրոն»:
«Կարեւոր շատ հանգամանքներ են հաշվի առնվել, մենք այս տարի միջազգային պայմանագիր կնքեցինք մեր ռուս գործընկերների՝ MRT-էքսպերտի հետ, եւ ՀՀ մարզերում առաջինն էինք, որ տեղում՝ բժշկական կենտրոնի մեջ ունեցանք այդ շատ կարեւոր ծառայությունը, որը անհրաժեշտություն էր ոչ միայն հենց Գյումրիի, այլ ամբողջ մարզի համար: Նախկինում այդ ծառայությունը չկար, եւ մենք շատերին էինք ուղեգրում մայրաքաղաք, մարդիկ նաեւ ինքնուրույն էին գնում այդ հետազոտությունն անցնելու: Ամեն ինչ էլ հաշվի են առել: Անցած տարիների ընթացքում նաեւ կարողացել ենք Գյումրի բերել սրտի ինվազիվ միջամտությունը, ստենտավորումը: Մենք անցած տարի 400 վիրահատություն ենք արել, այս տարի վիրահատությունների թիվը հավանաբար կանցնի 500-ից: Նաեւ նորաբաց ակնաբանական կաբինետի գործունեությունն է բարձր գնահատվել: Այս տարի մասնագիտական այդ կաբինետում մեկ ամսում 80-ից ավելի վիրահատություն է իրականացվում: Նախկինում այդ հիվանդները կրկին գնում էին Երեւան, իսկ հիմա մնում եւ որակյալ բուժում են ստանում Գյումրիում: Առողջապահության նախարարությանը հայտնի է նաեւ մեր վճարովի ծառայությունների ծավալն ու որակը »,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց «Գյումրի» ԲԿ տնօրեն Արմեն Իսահակյանը:
«Երկրները մեկ հարկի տակ» համաժողով-ցուցահանդեսի առողջապահական հատվածում արտերկրի եւ ՀՀ շատ բուժհաստատություններն են մասնակցել: Սա, ըստ Արմեն Իսահակյանի, հայաստանյան և օտարերկրյա ընկերությունների միջև գործարար կապեր հաստատելու և համագործակցության հնարավորություն է ստեղծում:
Ընդհանուր առմամբ, «Երկրները մեկ հարկի տակ» ցուցահանդես-համաժողովն ունի մի քանի նպատակ` ՀՀ-ում դիվանագիտական կառույցներին ծանոթացնել ՀՀ ներդրումային ծրագրերին, ներկայացնել երկրի էթնիկ առանձնահատկությունը: Ծրագրում ընդգրկվում են կրթություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, տուրիզմ, առողջապահություն և բժշկություն, ծառայությունների մատուցում, սննդարդյունաբերություն, թեթև արդյունաբերություն, ոսկերչություն և ադամանդագործություն, էներգետիկա, շինարարություն, հանքարդյունաբերություն, ագրոոլորտ, հիդրոկայաններ, բանկային համակարգ, զանգվածային լրատվամիջոցներ:
