36-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ մոր նկատմամբ սպանության փորձի կասկածանքով. ՔԿ-ն վերցրել է հյուրանոցի տեսախցիկները

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ 36-ամյա տղամարդու կողմից մոր նկատմամբ սպանության փորձ կատարելու առերևույթ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՔԿ-ից Ambionnews-ին հայտնում են, որ 2023 թվականի ապրիլի 16-ին Երևան քաղաքի Սևքարեցի Սաքոյի փողոցում գործող հյուրանոցի աշխատակցից ահազանգ է ստացվել այն մասին, որ  հիշյալ հյուրանոցում մի  կին և տղամարդ, ներկայանալով մայր և որդի, համար են վարձակալել, որից հետո նշված համարից լսվել են ծեծի ձայներ: Մոտենալով սենյակին՝ հայտնաբերել են կնոջը արյունոտ և ծեծի ենթարկված վիճակում:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հյուրանոցի բակային հատվածից հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր, հանցագործության գործիք հանդիսացող դանակը, տարածքը տեսանկարահանող սարքերի տեսագրությունը պահպանող կրիչը, ինչպես նաև քննության համար հետաքրքրություն ներկայացնող այլ իրեր: Նշանակվել են դատաբժշկական, դատաքիմիական, դատագենետիկական, դատաքրեագիտական փորձաքննություններ:

36-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Վերջինիս և տուժողի հետ համապատասխան քննչական գործողություններ դեռևս չեն արվել՝ առողջական վիճակի պատճառով:

Դեպքի հանգամանքները պարզվում են, նախաքննությունը շարունակվում է:

Share This