ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊՈՒՏԻՆ-ՓԱՇԻՆՅԱՆ ԶՐՈՒՅՑԻ ՄԱՍԻՆ ԻՐԱՐԻՑ ՏԱՐԲԵՐ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՏԱՐԱԾԵԼ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ըստ հայկական կողմի տարածած հաղորդագրության՝ Զրուցակիցներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար, բնապահպանական և էներգետիկ ճգնաժամին:

Վարչապետը կարևորել է դրա հաղթահարման ուղղությամբ ՌԴ-ի կողմից անհրաժեշտ քայլերի իրականացումը: Միաժամանակ, վարչապետն ընդգծել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից ապաշրջափակելու վերաբերյալ կայացված որոշման փաստը:

Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին, նոյեմբերի 26-ին և 2022 թվականի հոկտեմբերի 31-ին ստորագրված Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը վերաբերող հարցեր:

Մտքեր են փոխանակվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ:

Պարզվում է, սակայն, որ նույն զրույցի մասին Կրեմլի տարածած հաղորդագրությունը լրիվ այլ համատեքստում է ու այլ շեշտադրումներով: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական կայքէջի՝ Kremlin.ru-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է՝ հայկական կողմի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում Հայաստանի ղեկավարը տեղեկացրել է փետրվարի 18-ին Մյունխենում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման մասին, ինչպես նաև օտարերկրյա գործընկերների հետ իր մյուս զրույցների մասին։

Kremlin.ru-ի տարածած հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ քննարկվել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի գործնական իրականացման հարցեր՝ տարածաշրջանում կայունություն և անվտանգություն ապահովելու նպատակով։ Անդրադարձ է եղել նաեւ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։ Այս հարցի մասին քննարկումները տարբեր մակարդակներով կշարունակվեն, – ասված է հաղորդագրության մեջ:

 

Share This