Եթե Ադրբեջանը տեղի տա արեւմտյան ծրագրին,պատերազմը, որը ցանկանում են տեսնել Իրանում, կլինի Ադրբեջանում.Ձյունիկ Աղաջանյան

Արեւմուտքը փորձում է մեր տարածաշրջանում Թուրքիայի եւ Ադրբեջանի ուժեղացմամբ կազմաքանդել Ռուսաստանին ու Իրանին, որպեսզի տիրապետի Կենտրոնական Ասիայից Եվրոպա էներգառեսուրսների արտահանման ուղիներին։ Այս մասին  «ՈՒԺԻ ԳՈՐԾՈՆԸ» հաղորդման հերթական թողարկման ընթացքում ասաց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:

«Թուրքիան Արեւմուտքի համար միշտ նիզակի դեր է ունեցել եւ դրա համար իրենք պատրաստ են իրենց աչքերն ու ականջները փակել բոլոր խնդիրների առջեւ, որոնք առաջացնում է Թուրքիան: Արեւմուտքն ունի գործիքակազմը նրան զսպելու, սակայն ցանկությունը չունի: Նրանք դա բացահայտ ասել չեն կարող, դրա համար այդ ամենը ներկայացվում է խաղաղության օրակարգի ներքո: Այստեղ խաղաղություն չկա, նման պայմաններում խաղաղություն լինել չի կարող: Եթե իրոք խաղաղություն են ուզում, ապա դրա մասին պետք է խոսեն մինչեւ պատերազմը եւ փորձեն դա իրականացնել առանց հայ մարդուն նսեմացնելու: Արեւմուտքը չկանխեց պատերազմը, չզսպեց դրանում Թուրքիայի ներգրավվածությունը, ավելի ես վստահ եմ, որ իրենք հստակ քայլերով ուղղորդումներ են անում»,- նշեց նա:

Աղաջանյանը վստահություն հայտնեց, որ Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը եւ այն պետությունները, որոնք խնդիր ունեն թուրքական գործոնի ուժեղացման հետ, թույլ չեն տալու այդ ծրագրին իրականություն դառնալ:

«Մենք գտնվում ենք երրորդ համաշխարհային պատերազմի մեջ, աշխարհի վերաձեւման շրջանում եւ մեր իշխանությունների ոչ հեռահար եւ հաճախ միտումնավոր գործողությունների հետեւանքով մենք հայտնվել ենք ոտատակ լինելու վտանգի առջեւ: Ես կարծում եմ, որ որոշակի կենտրոններից, որոշակի հովերով մեզ արվել են խոստումներ, որոնք մեզ հասցրել են այս վիճակին: Ես խիստ կասկածում եմ, որ այս նպատակը հաջողության է հասնելու, սակայն լինելու է շատ ծանր գին, շատ պետությունների ռազմական, ֆինանսական, մարդկային կորուստներով, որպեսզի աշխարհի վերաձեւումն այս երկրների վրա հնարավորինս քիչ ցավալի ազդեցություն ունենա: Եթե Ադրբեջանը տեղի տա արեւմտյան ծրագրերին, չի բացառվում, որ պատերազմը, որն իրենք ցանկանում են տեսնել Իրանում, լինի Ադրբեջանում: Այստեղ խնդիր է, թե ինչ դեր է կատարելու Հայաստանը եւ ինչ հանձնառություններ ունի: Վերլուծությունները շատ են, որոնք անհանգստությունների առիթ են տալիս: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ չդառնանք այն կետը, որտեղից այս գործողությունները կարող են սկսվել: Հարց է առաջանում, թե ինչու են հակառուսական քայլեր են արվում այն ժամանակ, երբ սրացումներ են նկատվում եւ մեր տարածաշրջանում, եւ ուկրաինական ճակատում: Ի՞նչ նպատակ է սա հետապնդում: Նպատակը չէ՞ արդյոք ռուսական գործոնն այստեղից հեռացնելու համար՝ ճանապարհ հարթելով թուրքական անխափան մատակարարումների եւ գործողությունների համար»,- ընդգծեց Աղաջանյանը:

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )