ԵՄ-ն կհաստատի Ուկրաինայի և հայ-ադրբեջանական սահմանի համար կազմվող առաքելությունները. դրանք կժամանեն արդեն այս ամիս
ԵՄ 27 երկրի արտգործնախարարներն այսօր Լյուքսեմբուրգում ծրագրված հանդիպում կանցկացնեն, որի ընթացքում նախարարները կանաչ ազդանշան կտան քաղաքացիական առաքելությանը՝ միտված օգնելու լուծել ադրբեջանա-հայկական սահմանին առկա խնդիրները:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նաև արտգործնախարարները մտադիր են հաստատել ուկրաինական բանակի ուսումնական առաքելությունը, որը պետք է սկսի գործել եվրոպական տարածքում նոյեմբերի կեսերին։
«Հոկտեմբերի 6-ին՝ մեկ շաբաթ առաջ, Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահի հանդիպման ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց առաքելություն ստեղծելու վերաբերյալ։ Սպասվում է, որ երկուշաբթի նախարարները դա կհաստատեն»,- ասել է ԵՄ պաշտոնյան։
Դիվանագետի խոսքով՝ առաքելության մասին մանրամասներ դեռ չկան։
«Կարող եմ միայն ասել, որ առաջին փուլում կտեղակայվի մոտ 400 դիտորդ»,- ասել է նա՝ ընդգծելով, որ առաջին դիտորդները երկու երկրի սահման կուղարկվեն Վրաստանում ԵՄ առաքելությունից։
«Մենք անձնակազմը վերցնում ենք Վրաստանում մեր առաքելությունից՝ հիմնախնդրի հրատապության պատճառով»,- բացատրել է Եվրամիության ներկայացուցիչը։
ԵՄ քաղաքացիական առաքելությունը կսկսի գործել հոկտեմբերին և կտևի երկու ամիս։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրամիության նախագահ Շառլ Միշելի՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպման արդյունքներով կողմերը հանդես էին եկել հայտարարությամբ, որում նաև նշվում էր, որ Հայաստանը համաձայնություն է տվել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ԵՄ դիտորդական առաքելություն տեղակայելուն:
ԵՄ քաղաքացիական առաքելությունը գործունեություն է իրականացնելու Հայաստանի՝ Ադրբեջանի հետ ունեցած սահմանի երկայնքով՝ ՀՀ ինքնիշխան տարածքում:
Առաքելության կարևորության մասին ավելի վաղ Եվրախորհրդարանի պաշտպանության հարցերով հանձնաժողովում խոսել էր Տոյվո Կլաարը:
