ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի՝ ՈՒՍՈՒՑՉԻ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հարգարժա´ն մանկավարժներ,
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ հոկտեմբերի 5-ի՝ ուսուցչի տոնի կապակցությամբ:
Ուսուցիչ լինելը ոչ միայն մասնագիտություն է, այլ նաև պատիվ ու առաքելություն: Դուք կատարում եք ամենշնորհակալ և պատասխանատու աշխատանքներից մեկը՝ սերունդներին զինում եք գիտելիքներով և համբերատար ու սիրով ուղեկցում նրանց ուսումնառության լուսավոր, բայց և խոչընդոտներով լի ճանապարհին: Մենք քաջ գիտակցում ենք, որ մանկավարժի աշխատանքն ավելին է, քան պարզապես առարկայական գիտելիքների փոխանցումը. ձեր ամենօրյա անձնվեր աշխատանքով դուք դաստիարակում եք մեր վաղվա օրվա հայրենիքի պաշտպաններին, հոգատար մայրերին և, ի վերջո, հայրենասեր ու կիրթ քաղաքացուն:
Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել Աբովյան համայնքի հանրակրթական և ավագ դպրոցների ուսուցիչերին, մանկապարտեզներում նախադպրոցական կրթություն կազմակերպող դաստիարակներին և շնորհակալություն հայտնել համայնքում կազմակերպվող կրթադաստիարակչական աշխատանքի համար: Վստահ եմ՝ յուրաքանչյուրս գիտակցում ենք այն մեծ դերն ու նշանակությունը, որ ունի մանկավարժը մեր երեխաների կրթության, դաստիարակության և առաջընթացի հարցում: Մենք պետք է ձգտենք դառնալ այնպիսի հասարակություն, որտեղ մեր հոգատար ու վաստակաշատ ուսուցիչները կարժանանան խորին հարգանքի ու մեծագույն գնահատանքի:
Սիրելի՛ ուսուցիչներ.
Ընդունեք ջերմագին շնորհավորանքներս մասնագիտական տոնի առթիվ, մաղթում եմ ձեզ առողջություն, հաջողություններ մանկավաժական նվիրյալ աշխատանքում,բարեկեցություն բոլորիդ ընտանիքներին:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )