Ֆրանսիացի դերասաններ ու մի շարք հայտնիներ պաշտպանել են սեռական ոտնձգությունների համար մեղադրվող Ժերար Դեպարդյեին

Շուրջ 60 ֆրանսիացի դերասան եւ այլ հայտնի գործիչներ դատապարտել են կինոյի լեգենդ Ժերար Դեպարդյեի «լինչը»՝ բռնաբարության եւ սեռական ոտնձգությունների այլ մեղադրանքներով:

Բաց նամակում, որը ստորագրել են բրիտանացի դերասանուհի Շառլոտա Ռեմփլինգը, Ֆրանսիայի նախկին առաջին տիկին Կարլա Բրունին, Դեպարդյեի նախկին սիրելին՝ դերասանուհի Քերոլ Բուկեն, ինչպես նաեւ Պիեռ Ռիշարը, ասվում է, որ աստղը «ատելության տարափի» զոհ է դարձել։

«Ժերար Դեպարդյեն, ամենայն հավանականությամբ, բոլոր դերասաններից մեծագույնն է»,-ասվում է ֆրանսիական Le Figaro թերթում հրապարակված նամակում:

Դեպարդյեին մեղադրել են բռնաբարության մեջ 2020 թվականին․ ավելի քան մեկ տասնյակ կանայք նրան մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ։ Չնայած նրա դեմ դատարանի վճռի բացակայությանը, վերջին օրերին շատերը շտապել են հեռու մնալ դերասանից։

Նրա կողմնակիցները նամակում գրել են. «Մենք այլեւս չենք կարող լռել այն մեղադրանքների դեմ, որին նա ենթարկվում է»։

Նշվում է, որ Դեպարդյեի վրա հարձակվում են «չնայած անմեղության կանխավարկածին, որից նա կարող էր շահել բոլորի նման, եթե չլիներ այնպիսի կինոհսկա, ինչպիսին կա»։

75-ամյա դերասանը նամակի հեղինակներին «համարձակ» է անվանել։ «Կածում եմ՝ դա շատ գեղեցիկ քայլ է»,-RTL հեռուստաընկերության հետ զրույցում ասել է նա: Դեպարդյեն խոստովանել է, որ նամակն իրեն ցույց են տվել նախքան այն հրապարակելը, սակայն պնդել է, որ չի խնդրել այն գրել։ Նա նաեւ հավելել է, որ մի շարք գործիչներ հրաժարվել են ստորագրել այն։

«Երբ մարդիկ այս կերպ հարձակվում են Ժերար Դեպարդյեի վրա, նրանք հարձակվում են արվեստի վրա»,-ասվում է նամակում,-«Ֆրանսիան նրան շատ բան է պարտական։ Կինոն եւ թատրոնը չեն կարող առանց նրա յուրահատուկ եւ արտասովոր անհատականության»,-գրել են հայտնիները՝ հավելելով,-«Մեր ժամանակներում ոչ ոք չի կարող ջնջել նրա ստեղծագործության անջնջելի դրոշմը»։

Անցյալ շաբաթ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել էր, որ Դեպարդյեն «հետապնդման» է ենթարկվում, իսկ նրա ընտանիքը դատապարտել է նրա դեմ «անհիմն դավադրությունը»: Իրավապաշտպանները դատապարտել են Մակրոնի մեկնաբանությունը՝ որպես «վիրավորանք» բոլոր կանանց նկատմամբ, ովքեր ենթարկվել են սեռական ոտնձգությունների։

«Մի ջնջեք Ժերար Դեպարդյեին» վերնագրով նամակը վրդովմունքի նոր ալիք է առաջացրել։ Երեխաների նկատմամբ բռնության դեմ պայքարող Les Papillons խմբի հիմնադիր Լորան Բուայեն նամակն անվանել է «անպարկեշտ» եւ հավելել, որ կազմակերպությունը հրաժարվում է համագործակցել Պիեռ Ռիշարի հետ, ով Les Papillons-ի դեսպանն է։

Share This